Մամուլ

Սևանա լճում 36-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները:

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դին, ապա մոտեցրել ափին, այնուհետև փրկարարները պատգարակով դին մոտեցրել են դիատարին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Կիսվել