Մամուլ

26-ամյա գեղանկարիչ Միքայել Հարությունյանն ազատվեց զինծառայությունից. Նրա համար միջնորդել են միջազգային հայտնի դեմքեր

Այսօրվա Կառավարության նիստում՝ պարտադիր զինծառայությունից ազատվեց 26-ամյա Միքայել Գևորգի Հարությունյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Միքայել Հարությունյանը 2016-ին ընդունվել և 2020 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան:

Նույն թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող:

Միքայել Հարությունյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչներ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), Փարավոն Միրզոյանը, Վլադիմիր Մարգարյանը (Վալմար), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, Փարիզի դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր Ջիուզեպպե Կակկավալեն, իտալացի արվեստի խորհրդատու Կլաուդիո Կոմպոստին (Միլան), արվեստագետ, քանդակագործ, Art for the World ժամանակակից արվեստի միջազգային կազմակերպության անդամ Միքայել Օհանջանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանը և Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Անահիտ Չարենցը:

Հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկվել է Միքայել Հարությունյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Կիսվել