Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը
Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը
Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը վթարի է ենթարկվել Ակնայի մոտակայքում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։
Միջադեպի հետևանքով 6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Լիգայի ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք, իսկ փոխնախագահը՝ ողնաշարի սեղմման կոտրվածք:
Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում` դեպի Ստեփանակերտ ճանապարհին։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։
Բոլոր տուժածներին տեղափոխել են Բաքվի բժշկական կենտրոններ։Նշվում է, որ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը: