Քաղաքացին պարեկների հետ վիճաբանության է բռնվել. հայհոյանքներ է տալիս քաղաքացիների ու բժիշկների հասցեին
Քաղաքացին պարեկների հետ վիճաբանության է բռնվել. հայհոյանքներ է տալիս քաղաքացիների ու բժիշկների հասցեին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Մովսիսյանը և Լիլիթ Գրիգորյանը Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Վստերչի կամուրջ» չհասած, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի տղամարդ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիների և այնտեղ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների նկատմամբ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի հայհոյանքներ տալը, հակաիրավական քայլերի չդիմի, դա օգուտ չի տալիս, և այդ տղամարդը շարունակում է իր լկտի պահվածքը՝ չլսելով նույնիսկ բժիշկների, այդ թվում՝ բազմաթիվ կյանքեր փրկած բժշկի հորդորները ու շարունակում է հայհոյանքներ տալը:
Լրացուցիչ պարեկներին օգնության են հասնում նույն վաշտի պարեկ Վանիկ Լալայանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը և պրոֆեսիոնալ կերպով «առյուծ կտրած» տղամարդուն կին պարեկը այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է վնասազերծում, ապա ձեռքերին հագցնում ձեռնաշղթա, որ անգամ կնախանձեին հայտնի աճպարարներն ու հայկական քրեական պատմություններով հայտնի ֆիլմեր ստեղծող Գոռ Վարդանյանը:
Այդ քաղաքացին Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մարդ ինչ աստիճանի խմած լինի, որ իրեն օգնության ձեռք մեկնող քաղաքացիներին ու բժիշկներին հայհոյանքներ տա:
Մտածում ենք մի երկու քֆուր կանի, կանցնի, կգնա, բայց ոնց որ թե դրա համար կենացները քաղցրացան:
Անընդհատ դրսևորում էր ագրեսիվ վերաբերմունք ու հայհոյանքներ էր տալիս, մինչև էն պահը, երբ ջահել աղջիկ պարեկն ու տղան ընենց «կալմեչ» արին, որ ըտենց բան մենակ կինոներում կտենայինք»:
Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածը Նարեկ Յ.-ն է: