Անդրանիկը կալանավորվել է Վարդան Ղուկասյանի համար արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու մեջ․ մանրամասներ
Անդրանիկը կալանավորվել է Վարդան Ղուկասյանի համար արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու մեջ․ մանրամասներ
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից, օրինական ծառայողական գործունեության հետ կապված՝ դատավորի, նրա մերձավոր ազգականների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունները համացանցի «Telegram» հավելվածում հրապարակելուն օժանդակելու նոր դեպք։
Մասնավորապես, պարզվել է, որ Անդրանիկ Արմանդարյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հետ, միաժամանակ ղեկավարել է տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության լրատվական կայքէջը։
Վերոնշյալ քրեական վարույթով «Հանրային ձայն» կուսակցության նախագահների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, շորթում կատարելու համար մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից 2023թ․ հունիսի 11-ին բավարարելուց հետո, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև` նրա մերձավոր ազգականների լուսանկարները։
2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ:
Բացի այդ, նա դատավորի լուսանկարը ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով դատավորի անձը արատավորող գրառումներ:
Այնուհետև հիշյալ լուսանկարները 2023թ․ հունիսի 11-ին նա ուղարկել է Վարդան Ղուկասյանին:
Հաջորդ օրը վերջինս ուղիղ հեռարձակամամբ հրապարակային, բոլորին հասանելի՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջով ունեցած ելույթի ընթացքում հրապարակել է Անդրանիկ Արմանդարյանի կողմից մոնտաժված և արատավորող տեղեկություններ պարունակող լուսանկարները՝ ելույթի ժամանակ դատավորի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:
Այդ կերպ, համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտությունների գործադրմամբ դատավորին և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ ստեղծելու և հրապարակման համար փոխանցելու միջոցով Ա․Արմանդարյանն օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնոդրություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Արմանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա․Արմանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ նմանատիպ ցանկացած դրսևորում, համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ սպառնալիքի, նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու ցանկացած փորձ, այդ թվում նաև ցանկացած եղանակով դրանց օժանդակելուն ուղղված գործողություններին տրվելու է համարժեք քրեաիրավական գնահատական։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի հանցավոր վարքագծից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: