Մամուլ

Էդմոն Մարուքյանի կինը պաշտոն է ստացել

Էդմոն Մարուքյանի կինը պաշտոն է ստացել

Bavnews.am-ի տեղեկություններով՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կինը՝ իրավաբան Տաթևիկ Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուտով կսկսի իր գործունեությունը՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մատինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոն բացելու մասին։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի շինհրապարակ, որտեղ կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթևիկ Մատինյանը ծանոթացրել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետները և բանակցային գործընթացը:

Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կարևոր է, այն իմաստով, որ և´ Հայաստանում, և´ արտասահմանում գործող բիզնեսներին, ներառյալ Հայաստանում ներդրումներ իրականացնող և նախատեսող, հնարավորություն է ընձեռելու վեճերը վստահել մասնագիտացված կառույցի, որը ներգրավելով լավագույն մասնագետներին՝ դրանք կլուծի արդարացի և ժամանակակից չափանիշներին ու մոտեցումներին համապատասխան։

Նշենք, որ Տաթևիկ Մատինյանն ամուսնացած է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ։

Կիսվել