ՄամուլՏեսանյութ

Երեկ Երևանում սպանված տղամարդն անցնում էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցների գործով. մանրամասներ

Երեկ Երևանում սպանված տղամարդն անցնում էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցների գործով. մանրամասներ

ArmLur.am-ին  հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:  Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ:

Սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» անունով:

Արդյունքում ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով: Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար:

Մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաեւ Վարազդատ Գասպարյանը, որին երեկ սպանեցին Երևանի կենտրոնում, նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն:

Այս գործը դեռես դատարանում է քննվում եւ ահա երկու տարին անց մեղադրյալներից մեկին սպանում են այն էլ՝ կրակելով աչքին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել