ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվել է. Արմեն Գրիգորյան
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվել է. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին՝ չժխտելով, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են:
«Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց»։
Լրագրողի հարցին, թե քննարկվե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»։
Թե ինչ պետք է այդ դեպքում անի Հայաստանը, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Փնտրել սպառազինության նոր մեխանիզմներ և մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին:
ՀՀ ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է լրագրողի այն միտքը, թե «ձեզ, կարծես թե, պատժում են այն բանի համար, որ ՌԴ-ից բացի գործ եք ունենում մեկ ուրիշի հետ»։
«Ինչ-որ բանում դուք ճիշտ եք, ինչ-որ բանում՝ ոչ։ Գնդակոծություններն ու սադրանքները տեղի են ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք բանակցում ենք Արևմուտքի հետ։ 2018 թվականին, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, մենք ասացինք, որ սա ներքին ժողովրդավարական գործընթաց է և արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չի ունենալու։
Եվ շարունակում էինք աշխատել Ռուսաստանի հետ, բայց դա էլ չէր երաշխավորելու մեր անվտանգությունը․ մենք ստացանք 2020 թվականի պատերազմը։ Եվս մի օրինակ։ 2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Մաքսային միությանը միանալու մասին, որը հետագայում կոչվեց ԵԱՏՄ։
Նրան հասկացրեցին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Միությանը միանալու գլխավոր փաստարկը Սարգսյանի համար Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք երկու պատերազմ ստացանք՝ 2016-ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին»,- ասել է նա։