Թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ. ԱՄՆ նախագահն իր ուղերձում կրկին շեշտել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
Թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ. ԱՄՆ նախագահն իր ուղերձում կրկին շեշտել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության զոհերին, և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին:
Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:
Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։
Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։
Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:
Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները:
Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով»,- նշել է Ջո Բայդենը: