Եկեղեցու պատմություն առարկան կհանվի դպոցներից՝ իրավիճակը չի փոխվի. Ժաննա Անդրեասյան
Եկեղեցու պատմություն առարկան կհանվի դպոցներից՝ իրավիճակը չի փոխվի. Ժաննա Անդրեասյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Վեհափառի այն հայտարարությանը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են, և պատասխանեց հարցին, թե ի վերջո քննարկումներն ի՞նչ փուլում են։
«2021 թվականին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչ, որով սահմանված են մեր մոտեցումները, այդ չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերին։ Սա է իրավիճակը, և այս իրավիճակը չի փոխվում։
Ինչ վերաբերում է եկեղեցու կողմից բարձրացված մտահոգություններին կամ իրենց դիրքորոշմանը, նոր չի դա։ Կարծում եմ՝ մենք արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետև չափորոշիչի քննարկման և հաստատման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն։
Իհարկե, մենք շատ ըմբռնումով ենք մոտենում, և չեմ կարծում, որ որևէ պարագայում մենք բոլոր հարցերում պետք է ունենանք մեկ մոտեցում և մեկ տրամաբանություն։ Շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր լինել և տարբեր էլ մնալ, նույնիսկ քննարկումներից հետո։
Բայց շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել մեր տարբեր կարծիքների մասին, և շատ գնահատում եմ։ Կարծում եմ՝ մենք բավականին բաց խոսակցություն ենք ունեցել, ներկայացրել եմ չափորոշիչի մեր մեթոդաբանությունը, մոտեցումը։
Վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որոնք մենք ունենք, չպիտի վտանգեն այն կարևոր արժեքների փոխանցումը, որը բոլորս կարևորում ենք»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։