Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխման համար իրեն վստահված 5000 դոլարը
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխման համար իրեն վստահված 5000 դոլարը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից Bavnews.am-ը տեղեկանում է, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում 46-ամյա տղամարդը տաքսի ծառայության ավտոմեքենայի 24-ամյա վարորդին է փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ գումար՝ 5.000 ԱՄՆ դոլարը Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող համալիրներից մեկում գտնվող իր ընկերոջը փոխանցելու, իսկ 68.000 ՀՀ դրամը՝ իր անունից «Ֆեդեքս» համակարգով վճարում կատարելու նպատակով:
Սակայն 24-ամյա երիտասարդն իրեն վստահված և փաստացի իր տիրապետության տակ գտնվող՝ 46-ամյա տղամարդուն պատկանող խոշոր չափի գումարները հափշտակելու դիտավորությամբ, դրանք չի փոխանցել վերջինիս կողմից նշված անձին, ինչպես նաև որևէ վճարում չկատարելով, հափշտակել է դրանք՝ տղամարդուն պատճառելով խոշոր չափերի հասնող՝ 2.105.650 ՀՀ դրամի գույքային վնաս։
Բացի այդ, 24-ամյա երիտասարդը, ուրիշի գույքը շորթմամբ հափշտակելու դիտավորությամբ, իրեն վստահված հիշյալ գումարը հափշտակելուց հետո «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել 46-ամյա տղամարդու հետ և պահանջել, որպեսզի վերջինս ոստիկանությունից հետ վերցնի իր բողոքը, ինչպես նաև՝ 10.000 ՀՀ դրամ՝ սպառնալով, որ չտրամադրելու դեպքում իր տրամադրության տակ գտնվող գումարները հետ չի վերադարձնի։
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: