Հայկ Մարությանի ներկայացմանը ներկա են եղել նաև ԱԱԾ աշխատակիցներ
Հայկ Մարությանի ներկայացմանը ներկա են եղել նաև ԱԱԾ աշխատակիցներ
News.am-ը գրում է․ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնոներկայացման 4-րդ օրը կրկին անցավ լեփ-լեցուն դահլիլճում։
Ներկայացման այս սեանսը նախատեսված էր սեպտեմբերի 19-ին։ Հենց այդ օրը պետք է տրվեր Մարությանի մոնոներկայացումների մեկնարկը, սակայն հայ-ադրբեջանական սահմանի լարված իրադրության պատճառով նա հետաձգել էր սեպտեմբերյան ներկայացումները։
Մարությանը սկզբում նշեց, որ այս ներկայացումը կարելի է պրեմիերա համարել, քանի որ դրանում տեղ են գտել որոշ դրվագներ, որոնք դուրս էին մնացել նախորդ ներկայացումներից։
Չնայած սպասվող սկանդալային բացահայտումների մասին հուշող անոնսին եւ մամուլի հրապարակումներին՝ քաղաքական երանգ ունեցող ներկայացումը զերծ էր աղմկահարույց բացահայտումներից։
Ներկայացման սկզբում Մարությանը հայտարարեց, որ հանդիսատեսի շարքում ներկա են նաեւ ԱԱԾ աշխատակիցներ՝ նրանց հորդորելով չկաշկանդվել եւ ծիծաղել։
Ապօրինի շինություններ, կոռուպցիա, անբարեկարգ շենքեր, վատ տրանպորտ, փողոցային շներ, հին վերելակներ, անկազմակերպ աղբահանություն․ Մարությանը ներկայացրեց քաղաքի խնդիրները, որոնց բախվել էր պաշտոնը ստանձնելու պահից եւ փորձել է լուծել մինչեւ այն պահը, երբ իշխող ուժը պաշտոնանկ արեց իրեն։
Մարությանը նաեւ պատմեց, որ պարգեւավճարներից հրաժարվելու հետեւանքով իր ստացած 415 հազար դրամ աշխատավարձը զգալիորեն քիչ էր պրոդյուսերական գործունեության ժամանակ իր ունեցած եկամտից, ինչի պատճառով վարձակալության էր տվել կենտրոնի իր բնակարանը, ինքը վարձակալել էր բնակարան Առինջում եւ օգտվել այդ վարձերի տարբերությունից։
Մարությանն ընդգծեց, որ անկախ ամեն ինչից, չի զղջում քաղաքապետ եղած տարիների համար, ափսոսում է միայն, որ դա եղել է իր սկզբունքներին հակասող, սխալ քաղաքական թիմի հետ։
Բացի քաղաքապետի պաշտոնում իրեն փոխարինած Հրաչյա Սարգսյանից՝ Մարությանը նախկին մյուս թիմակիցներին թիրախավորում էր ոչ թե անվանական, այլ ենթատեքստերի միջոցով։
Մարությանը նկարագրում էր կուլիսային խոսակցություններ եւ մարդկանց, որոնք ըստ էության, ամենամեծ ներգրավվածությունն են ունեցել իր պաշտոնանկության հարցում՝ հանդիսատեսի համար գաղտնի պահելով նրանց ինքնությունը։
Գրեթե երկու ժամ տեւողությամբ ներկայացումն ավարտվում է Երեւանը սիրելու եւ հոգ տանելու կոչով՝ մայրաքաղաքի հիմնի հնչյունների ներքո՝ չտալով ներկաներին հավանաբար ամենից շատ հետաքրքրող հարցի պատասխանը՝ որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի՞ Մարությանը եկող տարի սպասվող ավագանու ընտրություններում, թե՝ ոչ։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում