Մամուլ

Ռուսաստանից Հայաստան օրական քանի չվերթ է իրականացվում․ «Հրապարակ»

Ռուսաստանից Հայաստան օրական քանի չվերթ է իրականացվում

Hraparak.am-ը գրում է․ Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան օրական մոտ 30 չվերթ է իրականացվում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, հատկապես վերջին շաբաթներին, երբ Ռուսաստանը հայտարարեց զորահավաքի մասին, դեպի Հայաստան մեծ հոսք սկսվեց։

Նրանք, ովքեր չէին ուզում մեկնել ռազմի դաշտ, եւ նրանք, ովքեր դժգոհ են Ռուսաստանի վարած քաղաքականությունից եւ հատկապես՝ ռուս-ուկրաինական պատերազմից, սկսեցին մեկնել երկրից։

Ռուսաստանի բոլոր սահմանային կետերում, անգամ մոնղոլական ու ֆիննական, ահռելի հերթեր գոյացան, իսկ Լարսում ավտոմեքենաների հերթը հասավ 45-50 կիլոմետրի։

Մարդիկ, հատկապես տղամարդիկ, շտապում էին լքել երկիրը, քանի դեռ սահմանները չեն փակվել, եւ զորակոչի ենթակա տղամարդկանց մուտքն իշխանությունն օրենքով չի սահմանափակել։

չվերթներ

Հայաստան ժամանողների մեջ ոչ միայն ազգությամբ հայեր էին, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են եւ զինապարտ, այլեւ մեծ թվով ռուսներ կային։ Իսկ վերջին շրջանում մասնագետները տնտեսական օգուտներն ու վնասներն են հաշվարկում, թե Հայաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիները եւ Հայաստանից Ռուսաստան մեկնողներն ինչ ազդեցություն են թողել մեր կյանքի ու կենսամակարդակի վրա։

Իհարկե, ժամանողների հետ պետական բյուջե մուտքերն ավելացել են, ռեստորանների ու տաքսիների գործն է շատացել, վարձով տուն տվողների եկամուտն է բարձրացել, բայց արդյունքում նաեւ արտարժույթն է արժեզրկվել, անզուսպ գնաճ կա, եւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասի կենսամակարդակն այդ ամենի արդյունքում անկում է ապրել, ծախսերն աճել են։

Շաբաթներ առաջ Մոսկվայից Երեւան մեկ տոմսի արժեքը դարձել էր 11 հազար դոլար, սակայն, այսօրվա տվյալներով, Մոսկվայից Երեւան տոմսի արժեքը 297-300 դոլար է, Երեւանից Մոսկվա` 254-300 դոլար:

Ռուսական այլ քաղաքներ մեկնելու տոմսի արժեքն էականորեն չի տարբերվում սրանից: Սանկտ Պետերբուրգից Երեւան, Երեւանից Սանկտ Պետերբուրգ մեկ տոմսի արժեքը 340-350 դոլար է:

Կիսվել