Մամուլ

«Վարորդի մազերը գզգվզած, շորերը քաշքշված, կանայք ճչում էին». Գյումրու միջադեպի մասին

«Վարորդի մազերը գզգվզած, շորերը քաշքշված, կանայք ճչում էին». Գյումրու միջադեպի մասին

Aravot.am-ը գրում է․ Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցում պարեկների ու տարեց մի վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` մասնավորապես գրելով.

«Քիչ առաջ պարեկները կանգնեցրել են մի քաղաքացու` պահանջելով փաստաթղթեր։ Քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն…

Ըստ ինձ դիմած քաղաքացիների, պարեկները չեն համաձայնել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել…

parekner gyumri

Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ՝ նշելով, որ իրենց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ… Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ»։

Կարապետ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իրեն ահազանգել էին թաղի բնակիչները, հասնելով դեպքի վայր` ականատես է եղել վիճաբանության, թաղի բնակիչները դուրս էին թափվել տներից, կանայք ճչացել, լացել են, շտապօգնության մեքենա է եկել։

«Պարեկները վիճում էին միջինից բարձր տարիքի մի տղամարդու հետ, որի մազերը գզգզված էին, շորերից զգացվում էր, որ նրա քաշքշել էին, շորերը համարյա հագից ընկնում էին։ Նա վատացել էր, շտապօգնություն էր եկել, թաղի կանայք ճչում էին»,-պատմեց Կարապետ Պողոսյանը։

Նա ահազանգել է ոստիկանություն, վաղն էլ պատրաստվում է գնալ պարեկային ծառայության մասնաշենք` բազմաթիվ քաղաքացիների հուզող հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար։

Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ միջադեպն ուսումնասիրում են։ Գյումրի բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ քաղաքացուն հիվանդանոց չեն տեղափոխել։

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հիվանդին բուժօգնություն ցուցաբերել են Գյումրու Սուրեն Մատնիշյան 93 տան դիմաց։ Սա հենց այն հասցեն է, որտեղ բնակվում է տղամարդը։

Նա եղել է նյարդային վիճակում, շատ բարկացած, հուզված, սակայն որևէ մարմնական վնասվածք նրա մոտ չի եղել, աչքերը ևս վնասված չեն եղել։ Հիվանդը ևս չի հայտարարել, որ պարեկները իրեն ծեծել են կամ աչքերին դեղ ցփնել։

Շտապօգնության բրիգադը, ըստ Արթուր Մանուկյանի, հասնելով տվյալ հասցե, տեսել է, որ սեփական տան դիմաց կանգնած են թե՛ պարեկները, թե՛ հիվանդը։

Վերջինս գլխացավ է ունեցել,  ճնշումը բարձր է եղել, շտապօգնության բրիդագը նրան համոզել, նստեցրել է շտապօգնության մեքենայի մեջ ու ներարկումներ արել։ Նրան առաջարկվել է հիվանդանոց տեղափոխել, սակայն տղամարդը կտրուկ հրաժարվել՝ ստորագրելով, որ չի ուզում։

Կիսվել