Ամուսինները մարմնական վնասվածքներ ստացել են անծանոթ անձի հետ վիճաբանության ժամանակ․ մանրամասներ
Ամուսինները մարմնական վնասվածքներ ստացել են անծանոթ անձի հետ վիճաբանության ժամանակ․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանիք քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ:
Հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 28-ին։
Հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 334-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Իրականացված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են նշված անձանց` վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ 49-ամյա տղամարդը հիշյալ վնասվածքն ստացել է անծանոթ անձի հետ վիճաբանության ընթացքում, ինչը նկատելով նրա կինը՝ փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն ամուսնու հետ վիճաբանող անձը հարվածներ է հասցրել նաև նրան, իսկ երբ ամուսիններն արդեն գտնվել են հիվանդանոցում, նույն անձը վերադարձել է դեպքի վայր և կրակոցներ արձակել։
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և ‹‹АК-74›› ինքնաձիգի` կրակված պարկուճներ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը ստորև