Ովքեր կազատվեն վարժական հավաքներից. պահանջները խախտելու համար տուգանք կնշանակվի
Ովքեր կազատվեն վարժական հավաքներից. պահանջները խախտելու համար տուգանք կնշանակվի
ArmLur.am-ը տեղեկացավ, որ զորահավաքային ամրագրման պահանջները խախտելու համար տուգանք կնշանակվի: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի:
Նշենք, որ խաղաղ ժամանակ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով անցկացվում են եռամսյա վարժական հավաքներ: Վարժական հավաքներին շատ հաճախ ընդգրկվում են աշխատող պահեստազորայիններ, որոնք կարևոր և առանցքային դեր ունեն կազմակերպությունների համար, և դա խոչընդոտում է կազմակերպությունների գործունեությունը:
Բացի այդ բարձր որակավորում ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցները, կամ ղեկավար աշխատակիցները, ովքեր ապահովում են կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը, ստանում են բարձր աշխատավարձեր, և գործատուն ստիպված է լինում պահպանել վերջիններիս վարձատրությունը, ըստ այդմ կրելով ֆինանսական մեծ կորուստներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կազմակերպությունների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել. որոշ ընկերություններ անգամ իրենց գործունեությունը արտերկիր տեղափոխելու վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել:
Այս պատճառով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Այսինքն հնարավոր կլինի նաեւ վարժական հավաքներից ազատվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարության կողմից սահմանված կարգով վարժական հավաքներից կարող են ազատվել կազմակերպությունում (բացառությամբ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների) աշխատող, համապատասխան մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց մասնակցությունը վարժական հավաքներին կխաթարի կազմակերպության բնականոն գործունեությունը:
Բացի այս, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ կառավարության կողմից սահմանված զորահավաքային ամրագրման կարգերի պահանջները խախտելու համար կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
Այս խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի՝ առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 դրամի չափով:
Իսկ պահեստազորայինների վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 դրամի չափով: Նույն խախտումը երկրորդ անգամ կատարելու դեպքում անձը կտուգանվի 100 հազար դրամի չափով:
Իսկ վարժական հավաքներից ազատման պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով: Երկրորդ անգամ նույն արարքը կատարելը կառաջացվի տուգանքի նշանակում՝ 100 հազար դրամի չափով: