Մամուլ

Կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը ՝ Աննա Դավթյանը

Կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը ՝ Աննա Դավթյանը

Մելինե Դավթյանը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը ՝ Աննա Դավթյանը:

«Խորը ցավով տեղեկացա սիրելի, բարի, ուժեղ ԱՆՆԱՅԻՍ մահվան մասին։ Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել ՀԱՐԱԶԱՏԻ, ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ կորստի դեպքում։

Իր մարդկային բարությամբ, կնոջ քաջությամբ, իմաստությամբ, լավ մայր, Աստծո հավատքով, անկեղծությամբ, բոլորի կողմից սիրված ու հարգված էր։

Վշտակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներիս, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Աննայի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝ բոլորիս:

Քույրիկս ննջի խաղաղությամբ։

hovhannes

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԵԺԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հովհաննեսը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին , Սյունիքի մարզի քաղաք Կապանի Աշոտավան բանավանում, Խաչատրյանների ընտանիքում

Առաջին դասարանն հաճախել է Աշոտավան բանավանում, թիվ 2 գիշերօթիկ դպրոցում, ավարտելուց հետո տեղափոխվել է Կապանի թիվ 1 դպրոց, ավարտել և կրթությունը շարունակել Կապանի Ճարտարագիտական քոլեջում՝ կապի բաժնում։

Պատմում է Հովհաննեսի ուսուցչուհին՝ Լուսինե Բալայանը.

-Մի օր իմ դասարան մտավ արտահայտիչ աչքերով, վառ շրթունքներով, զարմանալի գրավիչ ժպիտով մի փոքրիկ։ Ծանոթացանք, միանգամից յուրօրինակ երանգ հաղորդեց դասարանին, դարձավ բոլորիս սիրելին՝ մեր Հովոն։ Անչափ բարի, սիրում էր երգել, հիանալի կատարում էր իր դերը բեմում, օգնում էր բոլորին․․․

Ների՛ր, տղաս, եթե ինչ-որ վարժութուն կամ խնդիր լուծել եմ պարտադրել, ցանկացել եմ, որ ավելին սովորես, բայց ես քեզ ներարկել եմ սիրելու արվեստը, իսկ քեզնից ինձ է մնացել մի պտղունց բարություն։ Անհնար է պատկերացնել, որ չկաս, որ միացել ես քաջերի աստղաբույլին ու դարձել կենդանի պատմություն:

2019թ. հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայության անցավ Հադրութի առաջին պաշտպանական գնդում։ Անմիջապես աչքի է ընկնում պարտաճանաչությամբ, տոկունությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ։

erablur

Գործուղվում է Հոկտեմբերյանի ռազմաուսումնական զորամաս, երկու ամիս հետո վերադառնում իր զորամասը՝ որպես սերժանտ։ Անմիջապես կարգվում է դիրքի ավագ։

2020թ. սեպտեմբերի 27-ից պատերազմի առաջին գծում է հայտնվում։ Հադրութի շրջափակումից դուրս գալով՝ մի գիշերվա մեջ անտառներով 50 կմ անցնելով՝ հասնում են Մարտունու շրջան, դիրքավորվում։ Կարողանում են դիմագրավել և հետ շպրտել թշնամու ութ տասնյակից ավելի անդամ ունեցող ջոկատին։

Պատերազմական թեժ իրավիճակում նրան նշանակում են դասակի հրամանատարի տեղակալ։ Մարտերի ընթացքում ոտքից վիրավորվում է, սակայն չի թողնում դիրքը, ընկերներին։

2020թ. նոյեմբերի 10-ին, հրադադարի օրը, դիրքերի հրետակոծման ժամանակ, Հովիկը և հրամանատարը հերոսաբար զոհվում են…

Շատ էր խոսում ծնողների հետ, ոչնչից չէր դժգոհում։ Փոշմանել էր, որ չէր արժևորել սովորելը, ասում էր, որ ծառայությունից հետո կուղղի այդ սխալը։ Հայրը պատմում է, որ ուրախությամբ է զորակոչվել բանակ, նույնիսկ չի ասել վիրավորվելու մասին:

Երբ հարցրել է, թե չի՞ վախենում, զարմացել է՝ ինչի՞ց պիտի վախենամ։ Մարտական ընկերները պատմում են նրա խիզախության, ընկերասիրության մասին։ Ամենադժվար պահին անգամ կատակում էր։ Ասում են, որ շրջապատը համովացնող տղա էր Հովոն։

Հովհաննեսը լուսապսակ բարձունքներում է, միացել է հավերժի ճամփորդներին։ Կկարողանա՞նք այնպես ապրել ու արարել, որ արժանի լինենք նրանց..

Հովհաննես Վրեժի Խաչատրյանի աճյունը ամփոփված Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում (եղբայրական պանթեոնում)»։

Կիսվել