Ազատ խոսքՄամուլ

«Ձեզ հանգիստ չի տալու այն, ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ կայացած հանդիպմանը»

«Ձեզ հանգիստ չի տալու այն, ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ կայացած հանդիպմանը»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«Այս «սքրինշոթերը» իրանահայ համայնքի շատ պատվելի բարեկամ է ուղարկել:

Պարզվում է պարսկալեզու դաշնակցական տելեգրամյան ալիքները արշավ են սկսել իմ դեմ: Ձեռագիրը նույնն է՝ սովորության համաձայն այս քաղաքական ուժը մատնագրերով է հանդես գալիս քաղաքական հակառակորդների դեմ, այս անգամ նաև բարեկամ Իրանի իսլամական հանրապետության իշխանությունների առջև:

Մի կուսակցություն, որը սփյուռքյան իր ահռելի ներուժը, կարողությունները ի սպաս հայրենի պետականության հզորացման ներդնելու փոխարեն, իր գոյության առնվազն վերջին երեսուն տարին՝ Հայաստանի անկախացումից ի վեր, միայն դժբախտություն, կորուստ, ահաբեկչություն և ցավ է պատճառել հայրենաբնակ մեր ժողովրդին:

Միևնույն է, հակառակ շատ-շատերի ես հավատում եմ ՀՅԴ առողջացմանը, հավատում եմ, որ այդ կուսակցությունն ունի հզորագույն առաքելություն մեր ժողովրդի և պետության կյանքում:

arman 1

Չգիտեմ կտեսնենք մենք այդ օրը, թե ոչ, երբ այս կուսակցության սփյուռքյան հատվածի համար, ի նպաստ Հայաստանի որևէ դրական քայլ անելու համար էական չի լինի, թե ով է Հայաստանում իշխանության գլուխ:

arman 2

Կտեսնե՞նք արդյոք, որ ներհայաստանյան քաղաքական պայքարը չի կարող պատճառ լինել, որ Հայաստանից դուրս ՀՀ պաշտոնյաներին հետապնդելն ու անվանարկելը միայն դա անողների իրական բնույթն ու էությունն է նկարագրում:

2020թ. 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուներին հռչակել եք թուրք, դավաճան՝ դա կարող ենք մի կերպ հասկանալ: Բայց նույնքան դաժան՝ թուրք, սիոնիստ, մասոն ու քոռ էիք կոչում 90-ականների ողջ պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Հայաստանին հաղթանակ պարգևած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ձեր քաղաքական ընդդիմախոսներին, սփյուռքում և հայրենիքում, ոչ թե փորձել և փորձում եք հաղթել խոսքով, մտքով, քաղաքական ճանապարհով, ընտրություններում, այլ ծեծելով, ահաբեկելով, և որ ամենաստորագույնն է՝ ընդհուպ գնդակահարել եք տվել ժողովրդի ընտրյալ առաջնորդներին հայրենի խորհրդարանում՝ հիմնահատակ ջախջախելով պետության ողնաշարը:

Ձեզ հետ անհամաձայն ժողովրդին դաժան հաշվեհարդարի մասնակից եք դարձել քանիցս՝ 2004-ի ապրիլին, 2008-ի մարտի 1-ին, հիմա էլ, նրանք, ովքեր հրաժարվում են «փրկվել» ժեխ են, թուրք են, նիկոլ են:

Ահա այն ամենը, և ոչ միայն, ինչ պետք է իմանալ հայ ժողովրդի ամենաավանդական քաղաքական ուժի մասին: Այս գրառումը նորանոր հարձակումների առիթ է դառնալու: Կասկած չունեմ, որ ձեզ հանգիստ չի տալու այն ամենն ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ դեռևս 2019-ին կայացած հանդիպմանը:

Բայց տեղեկացնում իմ, իմ քաղաքական թիմի, համախոհների, գործընկերների հավաքական թիրախը հայրենասիրության քողի տակ թաքնվող տգիտությունն է, ազգագրական և հայրենասիրական երգերի ետևում թաքնված Հայաստանն առանց պետականության թողնելու քստմնելի մտադրություններն են:

Մեր պետության ներսում օտարահպատակ օրակարգերի սպասարկողների ջախջախումն է մեր թիրախը, մեր պետության ու պետականության թշնամի ուժերի՝ հավաքական հինգերորդ շարասյան ոչնչացումն է մեր իղձը, և այդ ճանապարհին մեր ձեռքի տակ բոլոր գործիքները, առանց խտրության, գործի ենք դնելու:

Չկասկածե՜ք»:

Կիսվել