Մամուլ

Արտակարգ դեպք «Հրազդան ԲԿ»-ում․ հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին

Արտակարգ դեպք «Հրազդան ԲԿ»-ում․ հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել:

շտապ օգնություն

Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի:

Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել  է, իսկ հոր  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել