Արտակարգ դեպք «Նոր Զովք» սուպերմարկետում․ ծխահարված վիճակում 21-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք «Նոր Զովք» սուպերմարկետում․ ծխահարված վիճակում 21-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս 56 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ այդ ամենը կրակի հետևանք է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 11, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲԱՎ օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է պահեստային մասում, իսկ «Նոր Զովք» սուպերմարկետից 21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառաության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Արտակ Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: