Մամուլ

Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չէր պլստալու, բայց Հովիկ Աբրահամյանը պլստաց. «Հրապարակ»

Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չէր պլստալու, բայց Հովիկ Աբրահամյանը պլստաց

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում 2018 թվականից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների եւ նրանց մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին, այսպես կոչված՝ թալանը հետ բերելու, բյուջեն կերած, բանակի գումարները վատնած «սերմացու մկներին» պատժելու համար, բայց այնպես ստացվեց, որ ամենամեծ «մուկն» անպատիժ մնաց, ավելին՝ օրեցօր ամրապնդում է դիրքերն ու ծաղկում։

Մինչդեռ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկի խոսքին, թե «մկին բռնեք», Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր․ «Տո մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակներն անցել են»։ Պարզ է, որ խոսքը հայտնի մականունով Հովիկ Աբրահամյանի մասին էր, որը Հայաստանի ամենամեծ օլիգարխներից է համարվում․ հսկայական հողատարածքներ ու ձկնաբուծարաններ ունի, ավազի եւ այլ հանքեր, դղյակներ եւ ռեստորաններ, Ամիրյան փողոցում գտնվող շքեղ հյուրանոցն է նրանը եւ այլն, եւ այլն։

Հենց 2018-ին քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Արարատի նախկին մարզպետ, տարածքային կառավարման նախկին նախարար, կարկառուն ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Այդ ժամանակ հայտարարություն եղավ, որ գործում ներգրավված է նաեւ նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը, որը նույնպես գերազանցել է լիազորությունները։

Ըստ այդ օրերին տարածված հաղորդագրության՝ «քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ դեռ 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ» ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր։

Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձեւակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս»։ 2018-ին, երբ քրեական գործը հարուցվեց, Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում Հատուկ քննչական ծառայության հարուցած քրեական գործը կապել էր նույն թվականի սեպտեմբերի 4-ին կայքերից մեկին տված հարցազրույցում իր կողմից իշխանությունների գործելաոճը քննադատելու հետ։

«Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն»,- գրել էր Աբրահամյանը: Այս գործի հարուցումից անցել է շուրջ 4 տարի, Հովիկ Աբրահամյանն ընդհատակ է անցել՝ հարցազրույցներ չի տալիս, նախկին ընկերների ու կուսակիցների հետ չի շփվում, բառ անգամ չի արտաբերում՝ քննադատելու գործող իշխանություններին։ Իսկ ընտրությունների նախօրեին տեղեկացանք, որ նա իր ամբողջ ռեսուրսով եւ մերձավորներով պայքարում է հանուն «Քաղպայմանագրի»։

Այս հողի վրա նա անգամ գժտվել է խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հետ, որի ղեկավարած կուսակցությունը եւս մասնակցում էր ընտրություններին։ Սակայն Աբրահամյանի որդին՝ Արգամը, որը Ծառուկյանի փեսան է, եւ Աբրահամյանների ամբողջ ազգուտակը ոչ միայն չաջակցեցին ԲՀԿ-ին, այլեւ ամեն ինչով խանգարեցին։ Եվ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը մինչ օրս չի բարեւում խնամուն։

hovik abrahamyan arandznatun

Այս եւ այլ ծառայությունների դիմաց էլ իշխանությունը թույլ տվեց, որ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը հանեն արգելանքից եւ արագությամբ վաճառք ձեւակերպեն նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ անունով։ Իրականում, Նարեկ Նալբանդյանն Աբրահամյանի որդու բիզնես գործընկերն է, եւ Խաչատուր Սուքիասյանի աջակցությամբ ու հովանավորությամբ փաշինյանական օլիգարխիայի հիմքերն են այսպիսով դրվում։

Մենք դատախազությունից փորձեցինք ճշտել, թե 4 տարի առաջ հարուցված քրեական գործն ինչ ճակատագիր ունեցավ, եւ արդյոք Աբրահամյանի եւ նրա մերձավորների գույքն արգելանքի տա՞կ է։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ «Նախաքննության փուլում է քրեական այդ գործը:

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործընթացներին, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների առարկա գույքի, սուբյեկտների մասին տեղեկատվություն չի հրապարակվում ընդհանրապես՝ մինչեւ ուսումնասիրության ավարտը: Հետեւաբար, չեմ կարող ասել՝ իր մասով կա՞ նման գործընթաց, թե՞ ոչ»։

Իսկ վերահսկող դատախազը չի՞ հետաքրքրվում, թե ինչու է այսքան ձգվում նախաքննությունը։ Պատասխանեց, որ անհրաժեշտ գործողություններ կան ընթացքի մեջ, որոնց ավարտից հետո միայն պետք է տրվի վերջնական իրավական գնահատական, ինչով էլ պայմանավորված է տեւական ձգձգումը: Փոխանցեցին նաեւ, որ Աբրահամյանը դեռ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի:

Ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին, ապա նշեցին, որ այս գործով նա հարցաքննվել է, մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի: Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, նրա անվամբ գույքի նկատմամբ կալանք է կիրառված։ Սակայն նկատելի է, որ Աբրահամյանի մեղադրանքի մասին հարցերը տհաճություն են պատճառում․ ճիշտ է՝ նախաքննությունը դեռ շարունակվում է, բայց դատախազությունն էլ վստահ չէ, որ այն դատական հեռանկար կունենա։

Պարզ է, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս այս իշխանությունների սիրելին է՝ Լֆիկի կարգավիճակին դեռ չի հասել, բայց մոտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել