Ավագանու անդամի և նրան սպանողի միջև քավոր-սանիկություն է եղել․ մանրամասներ
Ավագանու անդամի և նրան սպանողի միջև քավոր-սանիկություն է եղել․ մանրամասներ
Hraparak.am-ը գրում է․ Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի կյանքը չի հաջողվել փրկել․ նախօերին կրակոցներ են հնչել Լոռու մարզում, որի ժամանակ կրակել են «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վրա:
Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Էդգարը 24 տարեկան էր, Լորուտ գյուղից։
«Այս պահին մենք տեղեկատվության պակաս ունենք, որովհետեւ ոստիկանները փնտրում են դեռ այդ մարդկանց (նկատի ունի կրակողին), չգիտենք՝ ով է ներկա եղել, ով ներկա չի եղել, որ կարողանանք ինֆորմացիա ունենանք, ընդամենը ֆիքսել ենք այն, որ կրակոցները եղել են, Էդգար Մելիքսեթյանը մահացել է»,-ասաց համայնքապետը։
Նրա խոսքով՝ այլ վիրավորներ չկան, Էդգարը եղել է գյուղամիջում, երբ կրակել են իր վրա։
«Շատ հանգիստ, ուսանող տղա էր, կիրթ, զարգացած ընտանիք է, ինքն էլ շատ հավասարակշռված տղա էր․․․ Ինչ վերաբերում է վարկածներին, ապա, որ թվարկեմ, շատ կարող եմ թվարկել, ամեն մեկը մի բան խոսում է, բայց կոնկրետ չի, էլի, այնպես չէ, որ հիմնավոր վարկածներ են, ուղղակի մարդիկ որ ինֆորմացիա չունեն, արդեն զարկ են տալիս իրենց երեւակայությանը»։
Հարցին, թե անձնական խնդիրներ ունե՞ր երիտասարդ ավագանու անդամը, համայնքապետն ասաց՝ չէ, ընդհանրապես չուներ խնդիրներ։ Ապա նշեց՝ որքանով տեղյակ է, ենթադրյալ կրակողի հետ ընտանիքներով մոտ են եղել, անգամ քավոր-սանիկություն է եղել նրանց միջեւ․
«Ընտանիքներով քավոր-սանիկներ են եղել, նույն գյուղից են՝ Լորուտից։ Կրակողին դեռ չեն բռնել։ Հենց դրանից է, որ ինֆորմացիայի պակաս է, որ դեռ չեն բռնել»։
Ըստ համայնքապետի ստացած լուրերի՝ երիտասարդը մեկ վնասվածք է ստացել որովայնի հատվածում․ «Ինչքանով տեղյակ եմ՝ փորից մտել է, կողքից դուրս է եկել, աղիների հետ կապված խնդիր է եղել»։
Սուրեն Թումանյանը նշեց, որ Էդգարը ինչքան հնարավորություն է ունեցել, նիստերին ներկա է գտնվել։