Մամուլ

Կրակոցներ Լոռու մարզում. Ոստիկանների օպերատիվ գործողության արդյունքում կանխվեց վենդետան

Կրակոցներ Լոռու մարզում. Ոստիկանների օպերատիվ գործողության արդյունքում կանխվեց վենդետան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Աբազյանի խանութի մոտ, կրակոցներ են հնչել։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 75-ամյա Արամայիս Աբազյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է Վանաձորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապահ և «Արամայիս Աբազյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, ոստիկաններին հայտնել է, որ ժամը 17։50-ի սահմաններում Լեռնապատ գյուղի 11-րդ փողոցի 1-ին հասցեում գործող մթերային խանութ են եկել համագյուղացիներ՝ 68-ամյա Արշալույս Աբազյանը և Արամայիս Եսայանը, ում ինքնությունը ոստիկանները պարզում են։

Այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և իր միջև, որի ժամանակ էլ Արշալույս Աբազյանը Նիվայի միջից վերցրել է զենքը և մի քանի անգամ օդ կրակել։  Ոստիկանները կատարվածի մասին զրույց են ունեցել նաև վաճառողուհի՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդուշ Շուշանյանի հետ։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, իսկ կասկածյալ Արշալույս Աբազյանը հայտնաբերվել է իր տանը։

krakocner spanutyun

Նա եղել է ոչ սթափ վիճակում և ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ա. Աբազյանի որդին՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 41-ամյա Կարեն Աբազյանը, ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացան։

Հայտնաբերվել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Աբազյանների ազգականներից 2 հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն… տարիքով մարդիկ ռազբիրատ են անում։ Հավատացեք, եթե ոստիկանները մի փոքր ուշանային, էստեղ հաստատ վենդետա էր լինելու։ Կարելի է ասել՝ ոստիկանները կանխեցին վենդետան։

Մնում է՝ օբյեկտիվ քննություն վարվի, ու մեղավորը կամ մեղավորները օրենքի առջև խիստ պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի մյուսներին դաս լինի»։

Կիսվել