Մամուլ

Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում առնվազն 6 անշարժ գույք ունեն. մանրամասներ

Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում առնվազն 6 անշարժ գույք ունեն. մանրամասներ

2010-2021թթ. ՀՀ-ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրացման 6 գործարք։

Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի պետական կոմիտեից։Այսպես, 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։

Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել` 1-ը կրկին բնակարանի առքուվաճառքի առնչվող, մյուսը` հասարակական նշանակության գույք ձեռք բերելու։ Իսկ թե ինչ գույք են ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում, մանրամասները հայտնի չեն։ Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։

Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։ Միաժամանակ, կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ 2010-2021թթ. ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։

Թուրքիայում և Ադրբեջանում գրանցված իրավաբանական անձանց անվամբ ՀՀ-ում 2010-21թթ. ընթացքում անշարժ գույքի իրավունքի պետական գրացման գործարք չի գրանցվել։

bnakaranner

Անշարժ գույքի ձեռքբերման առաջին գործարքը (վերոնշյալ ժամանակահատվածում) կայացել է 2011-ին`ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացություն ունեցող անձը բնակելի տուն է գնել։

Իսկ ամենաշատ գործարք կնքվել է 2019-ին, երբ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք 12 բնակարան են գնել, 2 բնակելի տուն, 3 հասարակական նշանակության գույք և 1 հողամաս։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում 2010-21 թվականներին գնել են 53 բնակարան, 1 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 7` հասարակական նշանակության գույք և 3 հողակտոր։Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց հետ վերջին գործարքը կայացել է 2021-ին` 8 բնակարան են գնել։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։

Կիսվել