Ո՞նց կարող էր Կճոյանն ազատվել պատասխանատվությունից. ողջ գործն իր ապացույցներով ուղարկել եմ վարչապետին
Ո՞նց կարող էր Կճոյանն ազատվել պատասխանատվությունից. ողջ գործն իր ապացույցներով ուղարկել եմ վարչապետին
1in.am-ը գրում է․ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի ապրիլի 15-ին: Քրեական գործը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8-9 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար։
Այս գործով որպես մեղադրյալ էր ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, դատական նիստերից մեկի ժամանակ նա նշել էր, որ Նավասարդ Կճոյանն իր կնքահայրն է։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ և առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն՝ այն որակելով անհիմն և շինծու:
Այս առնչությամբ գործարար Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը այդ ամբողջ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում ապացույցները, Կճոյանի մասնակցությամբ ձայնագրության կասետը, հունվարի 10-ին ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ես ասել եմ՝ տեսեք, թե ինչ է կատարվում ինձ հետ, 86 տարեկան մարդ եմ, 10 տարի մատերի վրա խաղացնում են:
Ես ուրիշ տեղ չունեի նամակ գրելու, որովհետև էլ ոչ մեկին չեմ կարող վստահել: Սա իմ վերջին հնարավորությունն է, ու հիմա ես սպասում եմ վարչապետի պատասխանին, հույս ունեմ, պատասխան կլինի»:
Հարցին, թե ակնկալում էիք, որ Նավասարդ Կճոյանը չի խուսափի պատասխանատվությունից, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Ո՞նց կարող էր Կճոյանի պատասխանատվությունից խուսափել, եթե Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ միասին օֆշորով երեք հատ ձեռնարկություն են բացել: Փոխանակ բանկն իր գրած բիզնես ծրագրի համապատասխան փողերն ուղարկեր, ուղարկել է այլ տեղ: Ես այդ ամբողջը փաստաթղթերով ուղարկել եմ վարչապետին: Բոլոր տեղերը դիմել եմ, և դատախազություն, և դատարան, բայց ոչ մի արդյունք չեմ ստացել:
Բոլորդ գիտեք՝ ինչ է կատարվում Հայաստանում՝ կաշառակեր դատախազներ, կաշառակեր քննիչներ, դատավորներ: Ոչ մի բանի ես չկարողացա հասնել: Մեծ հույս ունեի ԱԱԾ-ից, բայց իզուր: Սա նման է հայտնի պատմությանը, որ մեկը մկնդեղ է գնում, բայց մկները չեն սատկում: Երբ վաճառողին բողոքում է, նա էլ ասում է.
«Սխալ ես անում, պետք է մկանը բռնես, մկնդեղը դնես բերանը, որ սատկի»: Հիմա դուք երկիրը հասցրել եք դրան, որ մենք պետք է հանցագործին բռնենք, բերենք, ապացուցենք ամեն ինչ, որ նոր դուք մեզ հետ գործարքի մեջ մտնեք: Ես քննիչ Ումրշատյանին ասացի, որ ձեր այդ ԱԱԾ-ն ոչնչություն է, էս ի՞նչ եք գրել, արդարացրել եք Կճոյանին, գործը կասեցրել եք, իմ ամբողջ հույսը դուք էիք, ուր գնանք, որ պրծնենք ձեզնից:
Հիմա նամակը վաևրչապետին ուղարկել եմ հունվարի 10-ին: Րոպե-րոպե սպասում եմ, տեսնեմ՝ վարչապետն իր ասածները կպահի, թե ոչ:
Ես գրել եմ՝ հարգելի վարչապետ, խնդրում եմ՝ ուսումնասիրեք, այս ամբողջը կամ տվեք ուսումնասիրելու ու ինձ պատասխանեք, թե ես ուր գնամ, ում դիմեմ: Այդքանն եմ գրել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում