Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք. Հայկազ Մկրտչյանն այսօր կդառնար 21 տարեկան
Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք. Հայկազ Մկրտչյանն այսօր կդառնար 21 տարեկան
Իր 20-ամյակից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Կարմիր շուկայի մատույցներում անօդաչուից վիրավորվեց Հայկազը։ Հիվանդանոցում 12 օր պայքարում է կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ, բռնում է հավերժի ճամփան։
Պատերազմի օրերին հարազատների հետ խոսելիս ասում էր. «Ես էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, սա խայտառակություն է»։
Այսօր Հայկազի ծննդյան օրն է, նա պետք է դառնար 21 տարեկան։ Երկնային ծնունդդ շնորհավոր, կյանքով լի տղա։ Ձեզ հիշում ենք, ձեզ չենք մոռացել։
Մկրտչյան Հայկազը Երևանում էր ծնվել։ 2019-ին զորակոչվել էր բանակ։ Մեհրաբներում էր ծառայում։ Ծառայության 2 տարիների ընթացքում 2 պատերազմ տեսավ. Հուլիսյան և Երկրորդ Արցախյան։ Հուլիսյանի ժամանակ «Մարտական հերթապահության» մեդալի էր արժանացել։
Հարազատների հետ խոսելիս ասում էր՝ «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք:»։
Հայկազը հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար։ 2020-ի հոկտեմբերի 14-ից նրան և իր մարտկոցին Մեհրաբից տեղափոխում են Արցախ: Այնտեղ մասնակցում է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի ու Ազոխի, Մարտունու և այլ բնակավայրերի համար մղվող մարտերին։
Հոկտեմբերի 29-ին, իր 20 ամյակից 2 օր առաջ, Կարմիր Շուկայի մատույցներում ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստանում, հիվանդանոցում 12 օր պայքարում կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ, բռնում է հավերժի ճամփան։
Պատերազմի ժամանակ Հայկազն առաջին անգամ տեսավ Արցախը… առաջին ու վերջին։
Նա կռվեց մինչև վերջ։ Կռվեց ու չփախավ անգամ այն դեպքում, երբ գիտակցել էր, որ մի բան այն չէ այս «պատերազմում»։ Հարազատների հետ զրույցում ասել էր. «Անընդհատ հետ ենք գնում, տակտիկական նահանջն ուրիշ ա լինում, մենք հետո պետք է շրջապատենք, փակենք, բայց մենք չենք անում։
Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ես էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, սա խայտառակություն է»։
Հայկազն ընդամենը 20 տարեկան էր։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից