Նոր մանրամասներ՝ Դալար գյուղում տեղի ունեցած վենդետայից․ կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Նոր մանրամասներ՝ Դալար գյուղում տեղի ունեցած վենդետայից․ կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների ծառայողները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Դալար գյուղի մի քանի բնակիչների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 29-ամյա Էդգար Պետրոսյանը, 47-ամյա Արտակ Պետրոսյանը, 49-ամյա Վարդան Պետրոսյանը, ովքեր այնուհետև ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Դալար գյուղի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սիմոնյանի տունը դիտավորությամբ հրկիզելու մեջ:
Ս. Սիմոնյանը նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Դալար գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով:
Տեղեկանալով՝ ով է սպանություն կատարողը, Վ. Պետրոսյանը և 39-ամյա Գրիգոր Պետրոսյանը շուրջ 10 այլ անձանց հետ մոտեցել են սպանության կասկածանքով ձերբակալված Ս. Սիմոնյանին պատկանող տանը, որտեղ հսկողություն կատարելիս են եղել ոստիկանության Արտաշատի բաժնի մի քանի ոստիկաններ, ու չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կոտրել են տան պատուհանները, ապա հրկիզել այն:
Ահազանգով օպերատիվորեն հրդեհի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկի փրկարարներին մի պահ անգամ արգելել են մոտենալ հրդհի վայր, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանական լրացուցիչ ուժերի ժամանումից հետո հրշեջները կարողացել են իրենց աշխատանքը կատարել, սակայն տան գրեթե գույքի մեծ մասը վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Է. և Ա. Պետրոսյանները ձերբակալվել են, իսկ Վ. Պետրոսյանը, ով գյուղում հայտնի է «Ֆիգարո» մականվամբ, ստորագրությամբ բաց է թողնվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են արդեն՝ ով է հրկիզումը կատարել: Նա նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանն է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գ. Պետրոսյանին, ինչպես նաև դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: