Գարեգին Բ-ն` Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին
Գարեգին Բ-ն` Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին
Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը նշել է, որ շուրջ երեսուն տարվա ընթացքում հոգևոր առաջնորդները ջանում են մեղմել Ղարաբաղյան` ողբերգական հակամարտությունը։
«Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»,–ասել է նա։
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում երախտագիտություն է հայտնում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։
«Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարված է: Ադրբեջանը անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։
Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ:
Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ»,–ասել է Գարեգին կաթողիկոսը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից արյունալի և աղետաբեր ագրեսիան հնարավոր դարձավ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հետևողական ջանքերի շնորհիվ։ Գարեգին 2–րդը ևս մեկ անգամ Հայոց Եկեղեցու և մեր ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին, նաև՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրում դրսևորած հատուկ ուշադրության համար։
«Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, անվտանգ և ապահով կյանքի երաշխավորման առումով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ արժանապատվությունը նսեմացնող և ռազմատենչ անընդունելի հռետորաբանության և ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականության պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ և լարված մնալ»,–ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հարց բարձրացրել, թե ինչպե՞ս կարող է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել, քանի դեռ.
– Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։- հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։
Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Արցախի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,
– ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով` անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,- հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,
– Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,
– միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։
«Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, և այս պատերազմն էլ իրականում ոչ թե լուծումներ, այլ նոր ողբերգություններ ծնեց և նոր խնդիրներ հարուցեց։
Ռազմական ճանապարհով, զենքի նշանառության ներքո հնարավոր չէ խաղաղություն կերտել, ռազմագերիներիգործոնի շահարկմամբ անհնար է համերաշխության և գործակցության հասնել, իսկ պետական մակարդակով հայատյացության սերմանմամբ և սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները»,–ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Նա նշել է, որ հակառակ առկա ծանր կացության՝ մենք շարունակում ենք հուսալ, որ պիտի կարողանանք հաղթահարել ծառացած մարտահրավերները, նաև խաղաղասեր մեր բարեկամ երկրների և մտահոգ միջազգային հանրության ու կառույցների աջակցությամբ։
«Հույս ունենք, որ այս դժվարին իրադրության մեջ Ադրբեջանի իշխանությունները հետ կկանգնեն իրենց ծավալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առավել լայնամասշտաբ պատերազմի առջև»,–ասել է Գարեգին Երկրորդը։
Նշենք, որ 1988 թվականից սկսած սա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: