Թորոսյանը խոսել է պատվաստանյութերի մեջ առկա նյութերի մասին (Տեսանյութ)
Թորոսյանը խոսել է պատվաստանյութերի մեջ առկա նյութերի մասին (Տեսանյութ)
Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է պատվաստանյութերում առկա նյութերի մասին։
«Ի՞նչ վատ նյութեր կան պատվաստանյութերի մեջ, որ ստիպում եք պատվաստվել»․ Թորոսյանը նշում է, որ նման արտահայտություններ են շրջանառվում։
Պատասխանելով այդ հարցադրումներին՝ նա նշեց, որ աշխարհում օգտագործվող բոլոր դեղերն անցնում են բազմաթիվ մակարդակի փորձարկումներ, եւ դրանց մեջ առկա նյութերը պարտադիր ստուգվում են՝ ինչքանով են վնասակար օրգանիզմին, ինչքանով՝ քիչ վնասակար։
Նույնը վերաբերում է պատվաստանյութերին, եւ պատվաստանյութերի մեջ բուն վիրուսից, վիրուսի սպիտակուցից կամ վիրուսի մասնիկից կամ թուլացված վիրուսից ու բակտերիայից բացի, օգտագործվում են նաեւ այլ նյութեր, օրինակ՝ էմուլգատորներ, բուստրներ, որոնք ուժեղացնում են ազդեցությունը։
Դրանց ազդեցությունը ամբողջությամբ ստուգված է տարիների, տասնամյակների, նույնիսկ որոշ դեպքերում՝ հարյուրամյակների ընթացքում։
«Հետեւաբար այդ պատվաստանյութերի մեջ չկա որևէ մի նյութ, որը վնաս է տալու մեր օրգանիզմին»,- ընդգծեց Թորոսյանը։
Թորոսյանը հիշեցրեց, որ արդեն պատվաստվել է երկու պատվաստանյութով՝ «Աստրա Զենեկա» եւ «Սպուտնիկ Վի»-ով։
«Իմ ընտանիքի բոլոր չափահաս անդամները պատվաստված են, եւ ես կոչ եմ անում՝ բոլորը պատվաստվեն, որպեսզի մենք պայքարենք «Քովիդ»-ի դեմ»,- հավելեց նա։
Նաեւ կոչ արեց գրագիտությունն ավելի բարձր դասել դրա բացակայությունից։
Տեսանյութը ստորև