«Գաթա» բենդի հիմնադիրը՝ Գառնիում տեղի ունեցած հարսանիքի, նորապսակների ու հյուրերի մասին
«Գաթա» բենդի հիմնադիրը՝ Գառնիում տեղի ունեցած հարսանիքի, նորապսակների ու հյուրերի մասին
168.am-ը գրում է․ Համացանցում շարունակում են քննարկել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեպտեմբերի 4-ին անցկացված հարսանեկան միջոցառումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։
Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանը, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը հարակից տարածքի որևէ օբյեկտից հնչող կատարում է եղել»։
168.am-ը կապ է հաստատել «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ծանոթի՞ հարսանիք է եղել, որին մասնակցել է, թե՞ հրավիրել են։ Նա պատասխանեց՝ հրավիրել են:
«Մարդիկ պսակադրություն են արել, հարսանեկան ավանդական ծես է: Կա պետական մոտեցում, թե ինչ ֆորմատով կարող են անել: Մեզ հրավիրել են, մասնակցել ենք: Եթե հայ մարդը դրսից որոշում է ավանդական ծես, հարսանիք անել, ընտանիք ստեղծել ու ընտրել է, ասենք, այդ տարածքը, դա էլ է գովելի:
Իսկ եթե մարդիկ վատ արարքներ են անում, դրանց կարելի է նուրբ ձևով մոտենալ: Ինչո՞ւ այդտեղ չպետք է հարսանիք արվեր, կարո՞ղ եք ասել: Նայում եմ՝ տարբեր պետություններ իրենց եկեղեցիներն են վաճառում, որովհետև չեն կարողանում պահել, խնամել և այլն:
Դրա համար մարդիկ գտնում են լուծումներ: Ի՞նչ է, միջոցառումներ չե՞ն արվում տաճարների կողքին: Անկեղծ ասեմ՝ մի քիչ անհանգստացա միջոցառման համար, սակայն հետո հանգեցի այն մտքին, որ կարելի է կոկիկ կազմակերպել և ամեն ինչին լուծում գտնել, իսկ թերությունները վերացնել:
Ասում եմ՝ իմ համար էլ հաճելի չէ ինչ-որ բան, հավատա: Ինձ կազմակերպիչներն են հրավիրել, ես մարդկանց չեմ ճանաչել: Գնացել, ես էլ եմ անակնկալի եկել, բայց նայելով ամեն ինչը, խորհուրդը, իմացա, որ ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է, ու կան որոշ կետեր, որոնք պետք է պահպանվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ՝ հարսանքին ներկա անձինք հեթանոսներ չեն եղել, քրիստոնյա են:
«Պարսկահայեր էին, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում: Նրանց տարբեր ազգերի բարեկամներից էլ կային՝ իտալացի, իսպանացի: Բոլորը շատ էին սիրում մեր «Գաթա» բենդին, եկել, մոտեցել են ուրախությամբ, որ ներկա ենք եղել: Ամեն խումբ էլ թող կարողանա մեր պես մաքրամաքուր երգի, մեկնաբանի:
Հարսը ռեժիսոր աղջիկ էր, խենթացած էր մեր երգերից: Փեսան էլ ասել էր՝ խնդրում եմ, որ անպայման «Գաթա» բենդը լինի այստեղ, մենք ուրիշ երաժշտություն չենք ուզում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում