Մամուլ

Դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրիում դստերը սպանած մորը

Դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրիում դստերը սպանած մորը

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր ավարտվեց Գյումրիում մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի սպանության գործով դատական նիստը, հայտնում է Sputnik Արմենիան:

Դատարանը` նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վճռեց երեխայի մորը՝ 22-ամյա Անի Աշոտի Մինասյանին, մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամկետով։

«Անի Մինասյանի նկատմամբ ընդունված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,-իր խոսքում նշեց դատավորը` հավելելով, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարանում 1 ամսվա ընթացքում։

Դատարանի դահլիճում մայրը հրաժարվեց իրեն հատկացված վերջին խոսքի իրավունքից:

երեխա

Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսի 31-ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ մեկ տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին կիսաշրջազգեստ փաթաթել, հետո երեխային տեղափոխել ու դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:

Կիսվել նյութով