Մամուլ

Երևանում փախցրած ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերվեց Իջևանում․ փախցնողին հայտնեցին՝ «քո հեքիաթն ավարտվեց»

Երևանում փախցրած ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերվեց Իջևանում․ փախցնողին հայտնեցին՝ «քո հեքիաթն ավարտվեց»

Shamshyan․com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչուհի 61-ամյա Հասմիկ Հ․-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող ավտոտնակից իր Opel Calibra մակնիշի ավտոմեքենան փախցրել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքների ծառայողներով։

Արդեն տեղում Հասմիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենան գնելու նպատակով ներկայացած տղան, ով ասել է՝ իր անունը Էդո է, փորձարկելու պատրվակով վարել է այն, ապա դիմել փախուստի։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Էդոն Երևանի բանկիչ 29-ամյա Էդիկ Բաղդասարյանն է։ 

opel calibra

Մինչ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կպարզեին ավտոմեքենան փախցնողի գտնվելու վայրը, երեկ, օգոստոսի 17-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Իջևանի բաժին, որ Իջևան քաղաքի Արցախի փողոցում վթարված ավտոմեքենա կա։

Հիվանդանոց ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներին՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ապա ժամանած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խմբին հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել  Իջևան քաղաքի Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ նա Opel Calibra մակնիշի ավատոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հենասյանը։

Հիվանդանոցում պարզվել է, որ դա Քաղաքեռ-Զեյթունում փախցրած Opel-ն է, իսկ այդ տղամարդը Է․ Բաղդասարյանն է, ով փորձել է «լապշա կախել» ոստիկանների ականջներին, ու մոտ 1 ժամ «Գյուլնազ տատու հեքիաթներն» է պատմել, սակայն Է․ Սուսլիյանն ու Կ․ Աբազյանը նրան հասկացրել են, որ նրա հեքիաթն ավարտվեց, ու հիմա նրան համար երկնքից 3 խնձոր ընկավ, ու 3-ն էլ իր գլխին։

Փաստերի ճնշման տակ պարզվեց, որ նա եղել է ավտոմեքենան փախցնողը։

Կիսվել