ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է առաջադրել Հայկ Կոնջորյանը
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է առաջադրել Հայկ Կոնջորյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատարը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
Նիկոլ Փաշինյանը և հավաքի մասնակիցներն աշխատանքային հարցերի են անդրադարձել, խոսել նաև կադրային նոր փոփոխությունների մասին: Հանդիպումից հետո «Լուրերի» թղթակիցը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը:
Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր: «Պետք է տեղեկացնեմ, որ խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին»,- հայտնել է Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ այս պահին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նրանց առաջադրել այդ պաշտոններում: «Լուրերի» հարցին՝ հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի պաշտոնների հետ, Մակունցը նշել է՝ ինքը կարող է տեղեկություններ հաղորդել միայն խմբակցության ղեկավարի և քարտուղարի վերաբերյալ:
«Այն ժամանակ, երբ լինի հստակություն՝ այլ հարցերի հետ կապված, նույնպես կհրապարակենք»,- հավելել է Մակունցը:
Տեսանյութը ստորև