Ինչ են քննարկել նախկին նախագահները մարտի 25-ին․ «Հրապարակ»
Ինչ են քննարկել նախկին նախագահները մարտի 25-ին
Hraparak.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ։
Նման հանդիպում մեկ էլ կայացել էր պատերազմի օրերին՝ երբ մեր երկրի գլխին մեծ վտանգ էր կախված եւ նախկին նախագահները, որոնք մինչ այդ չէին շփվում, հաղթահարեով իրենց բոլոր տարաձայնությունները, հավաքվել էին, որ քննարկեն, թե ինչ կարող են անել այդ աղետը կանխելու համար։ Այն ժամանակ որոշվել էր, որ նրանց ներկայացուցիչները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա՝ ինչ որ հարցեր կարգավորելու։
Սակայն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի այդ հանդիպումը չկայանա․ որոշել էր, որ հանդիպումը պետք է կայանա ոչ թե ՌԴ գործող իշխանությունների հետ, այլ պաշտոնաթող վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, ապա առեղծվածային պայմաններում կեղծվեր էր Ռոբերտ Քոչարյանի թեստի պատասխանը՝ դրական էին տվել, որ այցը չկայանա։
Սա, փաստորեն, նմանատիպ երկրորդ հանդիպումն է, գոնե՝ երկրորդը, որի մասին հրապարակային հաղորդագրություն են տարածել եւ ՀՀ առաջին եւ ՀՀ երրորդ նախագահների գրասենյակները։ Այդ հաղորդագրություններում ընդամենը մեկ պարբերություն է եւ չնչին բովանդակային տարբերություններ։
ՀՀ առաջին նախագահի գրասենյակը հայտարարում է, որ «քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։
Իսկ Սերժ Սարգսյանի գրասենյակը փոխանցում է․«Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»։
Երկրորդ հայտարարության մեջ նշված են նաեւ «Հայաստանի կենսական խնդիրները»։
Մենք փորձեցինք մեր աղբյուրներից ճշտել, թե ինչ քննարկում է եղել եւ այն ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ ՀՀ նախկին նախագահների մերձավոր շրջապատը, որտեղ սպասում են, անգամ ամեն ինչ անում են, որ նախկին նախագահների համախմբումը կայանա եւ այդ ֆորմատն ակտիվանա այնքան, որ նրանք ստանձնեն երկրում փոփոխությունների պատասխանատվությունը եւ իշխանությունից հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, ասացին, որ հանդիպման ընթացքում նախագահներն իրենց մտահոգություններն ու ապագայի կանխատեսումներն են կիսել միմյանց հետ։
Միանգամայն համակարծիք են եղել երկրին սպառնացող վտանգների եւ առաջիկա զարգացումների հետ կապված իրենց տագնապների հարցում։ Բոլորը համամիտ են եղել, որ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն է միակ լուծումը։ Սակայն որեւէ կոնկրետ լուծում, ֆորմատ, առաջարկ չեն քննարկել։ Պայմանավորվել են, որ առաջիկայում էլ են հանդիպելու։
Նրանցից մի քանիսը կտրուկ դեմ են եղել առաջիկա ընտրություններին մասնակցելուն եւ դրանց ամենաբարենպաստ հանգուցալուծման դեպքում էլ ճգնաժամի լուծման հնարավորություն չեն տեսել։