Հրաժարականը կլինի ապրիլի 22-27-ը. «Հրապարակ»
Հրաժարականը կլինի ապրիլի 22-27-ը
«Հրապարակ» թերթը գրում է. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երեկ հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։
Գործող օրենսդրության, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո:
Իսկ խորհրդարանն արձակվում է վարչապետի հրաժարականից եւ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելուց հետո։
Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-27-ն ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարական տա։
Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Սակայն չնայած ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ առաջիկա օրերին կհանվի նաեւ ռազմական դրությունը, բայց անակնկալները չեն բացառվում։
Եթե խորհրդարանն ընդունի նոր Ընտրական օրենսգիրքը եւ մասնավորապես այն դրույթը, որ ռազմական դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն անցկացվում, ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ, ապա ընտրության օրվա վերաբերյալ պայմանավորվածությունը ջուրն է ընկնելու, եւ լավագույն դեպքում փոխվելու են ժամկետները, վատագույն սցենարով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է անժամկետ մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, եթե ռազմական դրությունը չհանվի։
Ի դեպ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Էդմոն Մարուքյանը պնդել են, որ մինչեւ հունիսի 1-ն անցկացվեն ընտրությունները, սակայն Փաշինյանը համոզել է, որ չեն հասցնի՝ ԿԸՀ-ն պետք է պատրաստվի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում