Ջիփի մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի մեզ պիտի կենդանի այրեն․ ի՞նչ է պատմում Մարալ Նաջարյանը
Ջիփի մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի մեզ պիտի կենդանի այրեն․ ի՞նչ է պատմում Մարալ Նաջարյանը
Ինչպես հայտնի է ՝ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Նրա հետ այսօր զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը:
«Շուշի հասանք, եկան զինվորները, շրջապատեցին մեզ․ հարցրին՝ որտեղի՞ց եք, ասեցինք՝ Երևանից, հարցրեցին՝ ի՞նչ նպատակով եք եկել, ասեցինք՝ մի քանի ապրանք ունենք Շուշիում, դրանք պետք է վերցնենք․․․։
Մեր հեռախոսները, իմ դրամապանակը, տան բանալիները վերցրին, մեզ իջեցրին մեքենայից, ասին՝ եթե տեսնենք խնդիր չկա, ձեզ հետ կուղարկենք Երևան․ բայց երբ հեռախոսը բացեցին և Վիգենի բանակում եղած նկարները տեսան, ասին՝ դուք տեռորիստներ եք, չենք կարող ձեզ ուղարկել Երևան։ Մեզ «Ջիփի» մեջ նստեցրին, Վիգենին ծեծեցին և Ադրբեջան տարան։
«Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն ․․ ես հույս չունեի, որ դուրս կգամ էնտեղից, բայց ամեն օր Աստծուն աղոթում էի․․․»,- «Շանթ» ՀԸ-ին պատմել է Մարալը։
Նա տեղեկացրել է, որ իր հետ Ադրբեջանում նորմալ են վարվել․ «բայց դա չի նշանակում, որ լավ էին վարվում»,- խոստովանել է Մ․ Նաջարյանը։
Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով: