ՄամուլՏեսանյութ

Նիկոլին թույլ չեն տալիս հրաժարական տալ ընդամենը երկու հոգի. Շարմազանով

Նիկոլին թույլ չեն տալիս հրաժարական տալ ընդամենը երկու հոգի. Շարմազանով

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների հետ. Փաշինյանը երեկ ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին, իսկ հանդիպումների ընթացքում քննարկվել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը Փաշինյանի հրաժարականի պահանջից։

«Փաշինյանը մնում է, որ ի՞նչ անի: Չէ՞ որ իր ասած այդ նոր որակի կառավարման մեջ ինքը չի տեղավորվում, հետևաբար՝ այդ ինչպե՞ս պետք է գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Նա չունի արդեն նաև խորհրդարանի 2/3-ի աջակցությունը, այնպես որ, այդ հանդիպումների նպատակն է՝ շեղել քաղաքական օրակարգը, որում պետք է լինի ընդամենը մեկ հարց՝ հողատուի հեռացում»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ Փաշինյանը ոչ միայն հանձնեց հայրենիքի 70 տոկոսը, այլև ճանապարհ տվեց Ադրբեջանին ու Թուրքիային՝ Մեղրիով։

Էդուարդ Շարմազանով

Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն, բացի հողատու Փաշինյանի հրաժարականի հարցից, որևէ այլ հարց, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու մասին, չի քննարկելու։

«Մեզ պետք է մի բան՝ Հայաստանն ամեն օր կործանող մարդը պետք է հեռանա, որովհետև 2018 թվականի գունավոր հեղափոխության ջատագովներն ունեցել են 3 նպատակ՝ Հայաստանում ազգային ինստիտուտների վերացում, հարձակում այդ ազգային ինստիտուտների վրա և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։ Պատահական չէ, որ պրոնիկոլական լրատվականներն արդեն թեզ են շրջանառում, որ Ռուսաստանը մեզ այս պատերազմում չօգնեց։

Իհարկե՛ այս թեզի շրջանառումը պատահական չէ, որովհետև պատերազմի առաջին օրերին Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակվեց հոդված, թե չենք բանակցի Ռուսաստանի հետ, կբանակցենք Թուրքիայի հետ»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել