Սկսած Արցախի նախագահից՝ որևէ մեկը ֆեյսբուքյան էջ չի ունենալու․ Վիտալի Բալասանյան
Սկսած Արցախի նախագահից՝ որևէ մեկը ֆեյսբուքյան էջ չի ունենալու․ Վիտալի Բալասանյան
Արցախի տարածքը սրբավայր է։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում՝ խաղաղապահ զորակազմի կողմից։ Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքերով՝ նրանք, ովքեր ալկոհոլ կամ թմրամիջոց են օգտագործում, տեղ չունեն Արցախում։ Քրեական գործեր կհարուցվեն։ Վիտալի Բալասանյանը նշել է, որ խաղաղապահներից մեկը, որ ալկոհոլ է օգտագործել, ուղարկվել է Ռուսաստան։
Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև աղանդավորական գրասենյակների գործունեությանը։
«Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք նրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներն ենք, այլ շարժումներ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է»,- ասել է Վիտալի Բալասանյանը։
Ինչպես նշել է ԱՀ ԱԽ քարտուղարը, հունվարի 1-ից բոլոր ծառայություններն ուժեղացվելու են։
Վիտալի Բալասանյանի խոսքերով՝ ԱԽ առաջիկա օրակարգային հարցերից մեկը վերաբերելու է ֆեյսբուքյան հարթակին․
«Աշխատանքային ժամերին բոլորին հետևելու ենք։ Այն պետական պաշտոնյաները, որոնք սոցցանցերում աշխատանքային ժամերին գրառում կկատարեն, րոպե առաջ կգնան տուն։ Արցախի նախագահից սկսած՝ ֆեյսբուքյան էջերը բոլորը փակվելու են»,- նշել է նա։