Քարվաճառում հարյուրավոր բեռնատարներ կային, բայց պարզվում է, որ մի մասը թալանով էր զբաղված
Քարվաճառում հարյուրավոր բեռնատարներ կային, բայց պարզվում է, որ մի մասը թալանով էր զբաղված
Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է`
«Վարչապետը ամեն ինչից խոսեց, բայց կարևոր հարցերից չխոսեց։ Լռել չի ստացվում, իսկ խոսելը չգիտեմ՝ որքանով կօգնի։ Ամեն դեպքում ՀՀ ու ԱՀ իշխանություններին խնդրում եմ, պահանջում եմ, որ Քարվաճառի հարցում հստակություն մտցնեն հանուն հենց Քարվաճառի բնակիչների։
Մարդիկ իրենց ձեռքով քանդում են, ավերում են, այրում են իրենց իսկ ստեղծած, կառուցած տները, մի մասը վարկով է տուն կառուցել ու նույնիսկ ամբողջությամբ վարկը չի փակել։ Անորոշ լուրեր են տարածվում, թե դեռ մի շտապեք լքել ձեր տները, բայց ոչ ոք չի պատրաստվում մնալ իր տանը։
Մի՞թե կարելի է այսքան անպատասխանատու լինել սեփական ժողովրդի հանդեպ, մի՞թե հնարավոր չէ հասկանալ, որ եթե ինչ-որ հրաշքով Քարվաճառը մեզ է մնում, ապա մարդիկ, ովքեր արդեն այրել են իրենց տները, ինչպե՞ս կամ ի՞նչ սրտով են հետ վերադառնալու։
Իսկ եթե ամեն բան ավարտված է, ինչո՞ւ հստակ չի հայտարարվում այդ մասին, ինչո՞ւ պետական մակարդակով չեն օգնում այդ մարդկանց, որ իրենց տեղափոխման ու Հայաստանում բնակության հարցերը կարգավորվեն։
Երկու օր այնտեղ էի։ Հարյուրավոր բեռնատարներ կային, բայց պարզվում է, որ մի մասն ուղղակի թալանով էր զբաղված։ Դա ես չեմ ասում, դա ասում են տեղի բնակիչները, դա ասում են լրագրողները։ Մի մասն էլ ծառերն են կտրում, հենց ճանապարհի վրայի ամենահաստ, ամենասիրուն ծառերը։ Ու կտրողները արցախցի չեն, Հայաստանի տարբեր մարզերից են, ավելի հստակ՝ գիտեմ, թե մեծ մասը որտեղից են։ Ես էլ գիտեի բեռնատարները մարդկանց են օգնում տեղափոխման հարցում։
Խոսեք, մի բան ասեք, հիմա էլ հո պատերազմ չի, էս բարդակին վերջ տվեք»։