Մամուլ

Նոր շրջադարձ է սպասվում․ Մոսկվան և Կիևը պատրաստ են

Կիևը մտադիր է սեպտեմբերին կամ հոկտեմբերին վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ, հայտնում է Axios-ը։

Հրատարակության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է ձմռանը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը նվազեցնելու հնարավորությունը՝ միաժամանակ փորձելով վերականգնել ավելի լայն խաղաղ բանակցային գործընթացը։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ Կիևում՝ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ստացված ուղերձն այն է, թե «ռուսները պատրաստ են բանակցությունների»։ Սակայն Ռուսաստանի շարունակվող հարձակումների ֆոնին Զելենսկին շարունակում է թերահավատորեն վերաբերվել այդ հեռանկարին։

Կողմերի միջև վստահությունը վերականգնելու հնարավոր քայլերի թվում կարող են լինել էներգետիկ ենթակառուցվածքների, հացահատիկի մատակարարումների, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի և գազի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Զելենսկու խոսքով՝ գլխավոր նպատակը այնպիսի միջոցների որոնումն է, «որոնք կարող են կողմերին մոտեցնել խաղաղությանը»։

Ուկրաինայի նախագահը նաև կարծում է, որ Պուտինը կարող է ավելի ճկուն դիրքորոշում որդեգրել, քանի որ «չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին»՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ։

Միաժամանակ Զելենսկին զգուշացրել է, որ Ռուսաստանը ձմեռը կարող է օգտագործել Ուկրաինայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։ «Ռուսաստանը իսկապես կարծում է, որ այս ձմեռը կարող է օգնել նրանց կոտրել մեզ», – ասել է նա։

Axios-ի տեղեկություններով՝ Կիևը ցանկանում է բանակցային գործընթացը վերականգնել սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ «Առանց երկխոսության… մենք արդյունքի չենք հասնի», – Զելենսկու խոսքերը մեջբերում է հրատարակությունը։

Միևնույն ժամանակ, ռուսական կողմը ամերիկացի բանակցողներին հայտնել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է նաև Le Figaro-ն՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարության հայտարարությանը։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ «սեպտեմբերի 18-20-ը նախատեսված Դումայի ընտրություններից հետո պետք է համաձայնեցվի Ռուսաստանի նոր դիրքորոշումը։ Մենք պետք է պատրաստվենք բանակցությունների նոր փուլի»։

Կիսվեք ձեր էջում