Շոու-բիզնես

90-ականների երգիչ Արթուր Գալստյանը դատի է տվել Գևորգ Մարտիրոսյանին և գումար է պահանջում իր երգը գողանալու համար

90-ականների երգիչ Արթուր Գալստյանը դատի է տվել Գևորգ Մարտիրոսյանին։ Վերջինս հունիսի 6-ին Youtube-ի իր էջում տեղադրել էր 90-ականներին հայտնի «Ով է նա» երգի իր կատարումը նոր գործիքավորմամբ։ Ավելի ուշ երգի հոլովակը հեռացվեց Youtube-ից Մարի անունով մի կնոջ պահանջով, որին նվիրված է եղել այդ երգը։

Պատճառն այն է, որ «Ով է նա» երգի հեղինակ Արթուր Գալստյանը, որը շոու բիզնեսում գործունեություն է ծավալել 90-ականներին և համագործակցել է «Արձագանք» ստուդիայի հետ, նրան մեղադրում է հեղինակային իրավունքների խախտման համար։ Արթուր Գալստյանի իրավունքը 2001 թվականից գրանցված է «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունում:

Երգը Youtube-ից հեռացնելով, սակայն, խնդիրը չի լուծվել: Արթուր Գալստյանը մտադիր է դատական գործ սկսել: Tert.am Life-ը ներկայացնում է նրանց տեսակետները։

Գևորգ Մարտիրոսյանի պնդմամբ՝ երգի պրեմիերայից երկու ամիս առաջ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Գալստյանի հետ և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն։ «Հիմա իրենք ուզում են դատի տալ, թող տան, դատարանը կորոշի։ Երգը կատարելու մասին նախապես եմ պայմանավորվել: Ես երեխա չեմ, ինքս հեղինակ-կատարող եմ և այդ ամենից շատ լավ հասկանում եմ։ Ինչպե՞ս կարող էի տեղյակ չպահել։ Իմ սխալն այն էր, որ չէի մտածել՝ կարող են նման բան անել և գրավոր պայմանավորվածություն ձեռք չեմ բերել։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ կարող ես մարդու հետ լրիվ ընկերական խոսել, հետո նման բան անեն»,- ասաց Գևորգը։

Արթուր Գալստյանի փաստաբանը՝ Լուսինե Վիրաբյանը, հակադարձւմ է․ «Սկսենք այնտեղից, որ նման հարցերը ուղղակի զանգով լուծում չեն կարող ստանալ։ Մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացվել, որ եղել է նման պայմանավորվածություն։ Համապատասխան թույլտվության համար պետք է պայմանագիր կնքվեր, որպեսզի Գևորգ Մարտիրոսյանը կարողանար երգն օգտագործել։ Այս պահին մենք ունենք իրավիճակ, երբ Գևորգը վերցրել ու կոմերցիոն նպատակով օգտագործել է երգը, հիմա էլ պատճառաբանում է, որ հեռախոսազրույց են ունեցել։ Ո՞վ է ասում, որ հեռախոսազրույց են ունեցել։ Մյուս կողմն էլ ասում է, որ իրենք հեռախոսազրույց չեն ունեցել։ Օրենքով սահմանված կարգով պետք է պայմանագիր կնքեին։ Մեր պահանջը մեկն է, որպեսզի դադարեցնեն հեղինակային իրավունքների խախտումը և, բնականաբար, դրա հետևանքով կրած վնասն ու բացթողնված օգուտը վերականգնվեն»։

Լուսինե Վիրաբյանն առայժմ գումարի հստակ չափ նշել չցանկացավ։ Նրա խոսքով՝ հայց են ներկայացրել դատարան, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո կբարձրաձայնի գումարի ինչ չափի մասին է խոսքը և հիմնավորումը, թե ինչու հենց այդքան։

Գևորգ Մարտիրոսյանն ասում է, թե տվյալ երգը չի ներկայացրել կոմերցիոն նպատակով։ «Գիտեն, թե ես այդ երգը թողարկել եմ ու միլիոններ եմ աշխատում։ 10․000 եվրոյից, 5 միլիոն դրամից ու նման թվերից են խոսում։ Ի՞նչ կոմերցիայի մասին է խոսքը: Կոմերցիոն հարսանեկան երգերն են, որոնք ես, Աստծուն փառք, շատ ունեմ: Այնպես չէ, որ այդ երգով պետք է փող աշխատեի, իրենք էլ նեղվեցին։ Եթե խնդիր կար, թող սկզբից ասեին ու լրիվ այլ  խոսակցություն կգնար։ Մի հատ էլ ասեր՝ մերսի, որ հիշում եք ինձ: Երևի, միայն ես էի Հայաստանում հիշում իրեն ու, երևի, դա էլ իմ սխալն էր»։

Գևորգի խոսքով՝ իրենց միջև գումարի մասին խոսակցություն եղել է այն ժամանակ, երբ Լուսինե Վիրաբյանն իրեն առաջարկել է հանդիպել և քննարկել լուծման տարբերակները։ Փաստաբանի խոսքով՝ հանդիպման նպատակը մշակույթի երկու գործիչների միջև խնդիրն առանց դատական քաշքշուկների հարթելն էր․«Առաջարել եմ լուծման տարբերակեր, որոնք, սակայն,  չեն ընդունվել իր (նկատի ունի Գևորգ Մարտիրոսյանին, հեղ․) կողմից, բնականաբար, դա իր իրավունքն է՝ կընդունի, թե ոչ։

Արթուրը և Մարին շատ  հայրենանվեր գործ են անում։ Իրենք  կարիքավոր ընտանիքներին օժանդակելու և առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ կապված հիմնադրամ ունեն և, ընդամենը, առաջարկել են, որպես վնասի փոխհատուցում, այդ հիմնադրամին որոշակի գումար փոխանցել։ Իրենք այդ գումարը ոչ թե իրենց, այլ հիմնադրամի համար էին ուզում՝ բարի նպատակներով: Ինչպես նաև առաջարկ եղավ հրապարակավ ներողություն խնդրել ստեղծված իրավիճակի համար և շարունակել երգել երգը։ Այս տարբերակը չընդունվեց»։

Առավել մանրամաս՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով