Մամուլ

9-ամյա տղան ընկերոջ հետ խաղալիս է եղել, երբ երկաթբետոնե սալիկն ընկել է նրա վրա. մանրամասներ միջադեպից

9-ամյա տղան ընկերոջ հետ խաղալիս է եղել, երբ երկաթբետոնե սալիկն ընկել է նրա վրա. մանրամասներ միջադեպից

Նախօրեին Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնի տակից հայտնաբերված 9-ամյա տղա երեխան միայնակ չի եղել դեպքի վայրում։ Այս մասին  News.am-ի հետ զրույցում պատմեց տարածքի բնակիչներից մեկը, որի խնդրանքով չենք հրապարակում նրա անունը։

Բնակիչը պատմեց, որ մահացած  Է. Ե.–ն ընկերոջ հետ խաղալիս է եղել, երբ երկաթբետոնե սալիկներից մեկը ընկել է նրանց վրա, եւ երեխաներից մեկը չի հասցրել փախչել։

«Տարածքի երեխաները միշտ էլ այդ տարածքում խաղում են։ Ժամը 4։30–ի սահմանում ես տեսա, թե ինչպես երկու երեխա գնացին գարաժի հետեւը։ 5։ 15–ի կողմերը ես նկատեցի, որ երեխաներից մեկը տարածքից փախավ։ Խաղալիս երեխեքից մեկն է նկատել, որ պանելն ընկնում է, ինքը փախել է, էն մյուսն էլ չի հասցրել»,– պատմեց մեր զրուցակիցը։

erexa di beton

Նրա խոսքով՝ երեխան վախեցած է եղել, իրեն շատ վատ է զգացել, սկզբում ընտանիքի անդամներին չի կարողացել ոչինչ չի պատմել եւ միայն ժամեր անց է կարողացել դեպքի մասին պատմել հարազատներին, որից հետո էլ այդ տարածքում սկսել են փնտրել երեխային, բայց ժամեր անց է միայն հաջողվել գտնել 9–ամյա տղային դին։

«Բաց տարածք էր, բայց  մութ էր արդեն, ոչ մեկ էլ չէր կարող հեշտ գտնել, ինչքան էլ որ տեղը ցույց տային։ Պանելը փոսի մեջ էր հայտնվել, երեխան էլ պանելի տակ։ ԱԻՆ են կանչել, որից հետո է միայն հայտնաբերվել երեխու դին, կեսգիշերն անց»,– պատմեց նա։

Թե ում է պատկանում այդ տարածքը, ոչ միայն մեր զրուցակիցը, այլեւ տարածքի մյուս բնակիչները չգիտեն։ «Մենք սեփականատիրոջը չենք ճանաչում, ընդամենը տեսնում էինք, որ մի քանի տարին մեկ գալիս է մի քանի րոպեով, տեսնում ամեն ինչ կարգին է ու գնում։ Դեպքից հետո էլ ոչ մեկ չի եկել, չի  հետաքրքվել»,– ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության, «հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ»։

Կիսվել էջում