Մամուլ

7 տարեկանում դպրոց չհաճախած երեխան կզրկվի առաջին դասարանում սովորելու հնարավորությունից. նոր պայմաններ

Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի»՝ սահմանված է, որ Հայաստանում երեխաները պետք է դպրոց հաճախեն 6 տարեկանից, սակայն որոշ երեխաներ տարբեր պատճառներով են հաճախում մեկ տարի ուշացած:

ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, որոշել է վերանայել սահմանված կարգը և փոխել այն. այժմ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ տարիքին համապատասխան դասարանում էլ սովորելու է։ Այսինքն՝ 7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է միանգամից երկրորդ դասարանում:

Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ սա զսպող մեխանիզմ կլինի, որպեսզի ծնողները գիտակցեն և երեխաներին դպրոց տանեն օրենքով սահմանված կարգով: Ուսումնասիրություններն արվել են՝ դիտարկելով նաև միջազգային տեսանկյունը:

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն ծրագիրը, որն անցնում են 6 տարեկան սովորողները, փոխվել է, հարմարեցվել՝ ըստ նրանց տարիքի և հնարավորությունների. երեխան չի սովորում այն, ինչը կարող է սովորել 7 տարեկանում։

Թորոսյանը նշում է՝ երեխան, որն իր տարիքից ավելի փոքրերի կողքին է գտնվում, շատ ավելի վատ հոգեբանական վիճակում է հայտնվում, քան, երբ իր տարեկիցների հետ է։

«Ծնողները սխալ են անում, որ 6-ի փոխարեն երեխային 7 տարեկանում են տանում դպրոց, որովհետև դա նրանք անում են ոչ թե երեխայի շահից ելնելով, այլ՝ իրենց։ Վեց տարեկանին առավոտյան արթնացնելը, դասին նախապատրաստելը և այլն ցանկանում են մեկ տարով հետաձգել՝ մտածելով, թե երեխային չտանջենն: Սակայն երբ ուշացած են տանում, ու երեխան սովորում է իրենից փոքրերի հետ, այդ դեպքում, կարելի է ասել, նրան պատժում են»,- նկատում է փորձագետը:

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նոր որոշմամբ՝ եթե մեկ տարի ուշ երեխային տանեն, առաջարկվում է ժամանակ չկորցնել, հետ մնալ զարգացման ընթացքից:

«Մենք պետք է սովորենք սիրել ու հոգատար լինել մեր երեխաների նկատմամբ, հարգենք նրանց՝ ճիշտ ժամանակին կրթության ստանալու իրավունքը, որպեսզի բոլորս միասին հասնենք հաջողության և միշտ նայենք ցանկացած կարգավորմանը դրական տեսանկյունից։

Ծնողների այն հարցադրումները, թե «ինչո՞ւ պետք է իմ երեխայի կողքին նստի մի երեխա, որն առաջին դասարան չի հաճախել», սխալ մոտեցում է։ Եթե մեկ այլ երեխա առաջին դասարանը գերազանց սովորել է, ապա պետք է նրա մոտ ձևավորել այն միտքը, որ ինքը կարող է իր գիտելիքը փոխանցել ուսման մեջ հետ մնացող որևէ աշակերտի, և այս մոտեցումն ավելի մեծ օգուտ կբերի նրան»,- ասում է նա:

Կիսվել էջում