Մամուլ

68-ամյա տղամարդը մատուցել է տաքսի ծառայություններ՝ տեղյակ լինելով, որ վարակված է կորոնավիուսով

68-ամյա տղամարդը մատուցել է տաքսի ծառայություններ՝ տեղյակ լինելով, որ վարակված է կորոնավիուսով

2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է:

Վերջինս իրազեկված և տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝ արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները և ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները. 2020թ. հունիսի 24-ին 68-ամյա տղամարդն իր կողմից շահագործվող ավտոմեքենայով մատուցել է տաքսի ծառայություններ և կատարել ուղևորափոխադրումներ:

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) 1-ին մասով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել նյութով