Մամուլ

51-ամյա տղան ծեծել է տարեց ծնողներին, որոնց տեղափոխել են հիվանդանոց

51-ամյա տղան ծեծել է տարեց ծնողներին, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 01։00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծոծրակային շրջանի պատռված վերք և ձախից կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափովածներն են Բյուրական գյուղի բնակիչներ՝ 72-ամյա Ռիմա Շ-ն և 79-ամյա Վազգեն Շ-ն։ Վերջիններս հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են տանը վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորները ամուսիններ են, և նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք վնասվածքները ստացել են հունվարի 8-ին իրենց տանը սեփական որդու՝ 51-ամյա Արշակ Շ-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։

Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արշակ Շ-ն ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել էջում