Մամուլ

5 օր հետո ասացին զույգ տղաներս մահացել են, իսկ գործը բացահայտելու համար 15 հազար

5 օր հետո ասացին զույգ տղաներս մահացել են, իսկ գործը բացահայտելու համար 15 հազար: Ես իմ ծնունդի օրն էի ունեցել զույգ տղաներիս՝ 1999 թ-ին։ Ամեն տարի երազ եմ տեսնում այդ օրը, որ իրար ձեռք բռնած քայլում են ու ասում են «մամա մենք ողջ ենք, արի գտի մեզ»։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ ապօրինի որդեգրման գործով երեխա կորցրած մայրերի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից Աննա Պետրոսյանը։

«Իմ երեխաները 7 ամսական էին ծնվել, 5 օր տեսել եմ իրենց։ Հետո 5-րդ օրը ուզում էի մտնել իրենց մոտ, ասեցին չի կարելի, սկսեցի գոռգոռալ, ասացին դե վերջացրու երեխաներդ մեռել են»,- ասաց մայրը։ 

Հարցին՝ երեխաները միաժամանա՞կ էին մահացել՝ նա պատասխանեց. «Ոչ, ինձ ասել են մեկը իբր երեկոյան 8։40 րոպե սրտի կանգ է ունեցել, մյուսը՝ առավոտյան ժամը 9։30։ Պնդել եմ, որ դիակները ցույց տան, ասել են քեզ խնայելով ցույց չենք տալիս, գոհ եղիր, որ կապտած դիակները ցույց չենք տալիս»։

Պետրոսյանը նշեց, որ ցանկացել է բողոքել, բայց իրենից գումար են պահանջել. «Այդ ժամանակ ես ցանկացա բողոքել, բայց արդարադատության նախարարությունից ինձանից ահռելի գումար ուզեցին, որը ես այդ ժամանակ ի վիճակի չէի տրամադրել»։

Հարցին՝ ինչո՞ւ և որքա՞ն գումար էին պահանջում՝ նա պատասխանեց. «Գումարը պահանջում էին գործը բացահայտելու համար։ Թաղման բյուրոյում ինձ ասացին արդարադատության նախարարություն դիմեք, որ կարողանանք գործը բացահայտել, իսկ արդարադատության նախարարությունից 15 հազար դոլար գումար էին պահանջել, բայց միջնորդի միջոցով էր, պահանջողի անունը չգիտեմ»։

Նա նշեց, որ կասկածի համար առիթ է հանդիսացել նաև այն, որ երեխաները մահացել են փետրվարի 17-ին, իսկ մահվան հանգամանքների մասին հետազոտությունը իրենց տրամադրել են 9 ամիս հետո՝ նոյեմբերի 1-ին։

Աղբյուր՝ armdaily.am

Կիսվել նյութով