Մամուլ

39-ամյա վարորդը Mini Cooper-ով բախվել է հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել. աղջիկը տեղում մահացել է

39-ամյա վարորդը Mini Cooper-ով բախվել է հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել. աղջիկը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ:

շտապ օգնության մեքենա

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Այվազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել նաև վարորդի մայրը և օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբին մայրը հայտնել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից:

Կիսվել նյութով