Մամուլ

«3 տարի է՝ անգործ ենք». Առաքել Մովսիսյան

«3 տարի է՝ անգործ ենք». Առաքել Մովսիսյան

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր հանդեպ հայտարարված հետախուզման հանգամանքներին։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խոստովանում է, որ երեք տարի որևէ տոկոս չի մուծել բանկին, և ամբողջ գույքը գրավադրված է, ինքը չգիտի, թե գործն ինչ ընթացք կունենա։ Նա ընդգծեց, որ նշված ժամանակահատվածում գումար չի կարողացել վաստակել։ Առաքելյանը զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ ու գյուղմթերքի շուկայով։

«Հեղաշրջումից հետո շուկան չի աշխատում։ Բացի այդ, տականքները եկան, ապակիները կոտրեցին։ Հարուցվեցին քրեական գործեր։ Կորոնավիրուսը նույնպես խանգարեց, ոչ մի աջակցություն չստացանք։

Նման պայմաններում հնարավոր չէր առևտուր կազմակերպել։ Երեք տարի այս վիճակում ենք, ինչպե՞ս կարող էինք տոկոսներ մարել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Շմայս

Մովիսիյանի խոսքով` գյուղատնտեսական մեծ շուկա ստեղծելու ու վերամշակող գործարան հիմնելու ցանկություն կար, որպեսզի գյուղացիների բերքը չփչանար, սակայն պատերազմը, կորոնավիրուսն ու իրենց օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումները խաթարել են աշխատանքային պրոցեսը։

«Դրսից մարդիկ են եկել, ցանկանում են ներդրումներ կատարել։ Մտածում ենք` գուցե իրավիճակը հնարավոր լինի շտկել։ Մինչև հեղաշրջումը մարել ենք 300 հազար դոլարի չափով տոկոսներ, ընդհատումներ չեն եղել, իրավիճակը փոխվեց վերջին երեք տարիներին»,– նշեց նախկին պատգամավորը։

Մովսիյանը շեշտեց` անկախ ամեն ինչից, ինքը Հայաստանում է և չի պատրաստվում հեռանալ երկրից։

Կիսվել նյութով