Մամուլ

3 ամիս է՝ տան վարձը չենք վճարել, խանութներին պարտք եմ, ահավոր վիճակ է. անապահով ընտանիքն օգնության կարիք ունի

3 ամիս է՝ տան վարձը չենք վճարել, խանութներին պարտք եմ, ահավոր վիճակ է. անապահով ընտանիքն օգնության կարիք ունի

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում վարձով բնակվող երիտասարդ ընտանիքն օգնության կարիք ունի: 

News.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 32-ամյա Սիրվարդ Ավետիսյանը պատմեց, որ մոտ 3 ամիս է՝ չի վճարել տան վարձը, որն ամսական 10 հազար դրամ է կազմում:

«Արդեն 3 ամիս է` տան վարձը չենք վճարել։ Որ մեր հարեւանի տունն է, ասաց՝ լավ, թող մնա,  3 ամսվա վարձը միանգամից կտաք:

Մեր ընտանիքում միայն ամուսինս է աշխատում՝ ջրաղացում օրական 1000 կամ 2000 դրամով, բայց օր է լինում, աշխատանք չի լինում:

Դե ամռանը էլի լավ է, որ գյուղատնտեսական աշխատանքներ ենք անում, ես էլ եմ աշխատում: Հիմա աշխատանքը քիչ է, խանութներին էլ պարտք եմ»,-ասաց նա:

32-ամյա Սիրվարդը նշեց, որ վարձով տան կենցաղային պայմանները շատ վատն են. ջուրը հեռվից են բերում, լվացքը ձեռքով է անում. «Ջուր չունենք, գազ չունենք, ջուրը կրում-բերում եմ, ձեռքով լվացք եմ անում, ահավոր վիճակ է, ոչ մի հարմարություն չկա»:

Ընտանիքին փաստացի բնակության վայրում չեն գրանցում, որ անապահովության նպաստ գոնե ստանան:

«Քանի որ վարձով ենք բնակվում, մեզ փաստացի չեն գրանցում, որ կարողանանք  նպաստ կամ հիվանդության նպաստ ստանանք, քանի որ ամուսինս տեսողության հետ կապված խնդիրներ ունի»,-ասաց նա:

Սիրվարդ Ավետիսյանն ասաց, որ իրենց ավելի շատ բնակարան է անհրաժեշտ եւ մշտական բնակության վայր, որպեսզի կարողանա երեխաներին նորմալ դպրոց ուղարկել եւ նաեւ անապահովության նպաստ ստանան:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 093 57 00 97 Սիրվարդ Ավետիսյան: 

Կիսվել նյութով