Մամուլ

2019-ին ավտոմեքենա օտարածները մինչեւ ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել այն

2019-ին ավտոմեքենա օտարածները մինչեւ ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել այն

2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ:

Այս առնչությամբ ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչեւ գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։

ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝

«Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։

Հետեւաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն։

Այսպիսով, 2019 թվականի հունիսի 29-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչեւ 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է.

1. հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար եւ կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր` այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ հղումով,

2. կատարել եկամտային հարկի վճարումը՝ բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով  ֆիզիկական անձի անուն, ազգանունը եւ  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։     

Կիսվել նյութով